Ադրբեջանն Արցախում հետևողականորեն վերացնում է հայկական էթնիկ ինքնության հետքերը

Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Մեխակավան (Ջաբրայիլ) համայնքում հիմնահատակ ավերվել է տեղի Սբ. Աստվածածին եկեղեցին:

Այս մասին այսօր տեղեկացրել է բրիտանական BBC հեռուստաալիքը, լրագրող Ջոնա Ֆիշերի՝ Արցախի գրավյալ տարածքներ այցելության ժամանակ նկարահանած ռեպորտաժի ընթացքում: Լրագրող Ջոնա Ֆիշերն իր այցելության ընթացքում պարզել է, որ հայկական եկեղեցին, պարզապես, անհետացել է՝ այն հիմնահատակ ավերվել է ադրբեջանական կողմի հրեշավոր նախաձեռնությամբ։

BBC-ի պատրաստած տեսանյութում նշվում է, որ Ադրբեջանը պնդում է, թե էթնիկ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը Բաքվին մեղադրում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ներառյալ՝ եկեղեցիներն ու հուշակոթողներն ավերելու մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի Մեխակավան համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2017 թվականին՝ բարերար Գրիգոր Մովսիսյանի միջոցներով: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արցախի թեմի այժմյան առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Տեսանյութը` հղմամբ

Թողնել մեկնաբանություն