ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է Արցախում՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնացած պատմամշակութային հուշարձանների ճակատագրին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Դիմել եմ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար ՀԵԼԵՆ ՖԵՅԶԻԻՆ` սոցիալական ցանցում տարածում գտած՝ Լոնդոնի մետրոյում ադրբեջանական գովազդային պաստառների լուսանկարների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Պաստառների վրա պատկերված՝ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքն ու Դադիվանքի եկեղեցին կեղծ ձևով ներկայացվում են որպես «ադրբեջանական մշակութային հարստություն»։

Փաստորեն, Լոնդոնի մետրոյի կայարաններում, միգուցե տեղական իշխանությունների թույլտվությամբ, ադրբեջանական ռազմական հանցագործությունների արդյունքում գրավված պատմամշակութային կոթողները գովազդվում են որպես «բազմամշակութայնություն»՝ կեղծ տեղեկություն տարածելով, որ հայկական Շուշին, Դադիվանքը և մնացյալ գրավված տարածքների մշակութային կոթողներն ադրբեջանական են, իսկ «Ադրբեջանը մուլտիկուլտուրալիզմի երկիր»։

Սա Ադրբեջանի միջամտությամբ հայատյացության, թշնամանքի, պատմամշակութային ժառանգության յուրացման, ստահոդ տեղեկությունների կեղծման հերթական փորձն է, որը հանրային տարածում է գտել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի մետրոյում։ Եվ եթե այս քայլն արվել է առանց մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների թույլատվության, այն կարելի է ընկալել որպես հայ-բրիտանական ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների հանդեպ ոտնձգություն՝ Ադրբեջանական միջամտությամբ։ Տիկին դեսպանին խնդրել եմ հետամուտ լինել՝ պարզելու, թե Միացյալ Թագավորության կողմից աջակցություն ունեցել է արդյո՞ք ադրբեջանական հակահայ և հայ մշակութային ժառանգությունը ոչնչացնող քաղաքականությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն