«Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել». Գորիսի համայնքապետ

«Խնձորեսկ համայնքում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Պատերազմի ավարտից հետո մեր դիրքերը բավականին առաջ էին գտնվում, եթե այդտեղ մնայինք, ամեն ինչ նորմալ կլիներ, որովհետև սահմանը Սյունիքից մոտ 26-27 կմ հեռու էր գտնվում, — «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը և հավելել, — գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել՝ ինչ է կատարվում, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Հաճախ մտքեր են հնչում, թե համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում: Այո՛, այդպիսի բան կա, թեև սյունեցիներն ու առաջին բանակային կորպուսն էլ իրենց գործն են անում, բայց դա չի նշանակում, որ սա ամբողջական հարցի լուծում է: Նույնիսկ հստակություն չկա այն հարցի շուրջ՝ բանավո՞ր, թե՞ գրավոր են տվել մեր պատմական հողերը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Գորիսի համայնքապետը միֆ է որակել այն պնդումները, թե  Կառավարությունը գործողություններ է իրականացնում Շուռնուխում. «Նման բան չկա: Կառավարությունը վերջերս է դիմել համայնքապետարանին, որպեսզի հողի կատեգորիան փոխվի, ու մարդիկ կարողանան տուն սարքել, իսկ այն տեխնիկան, որ կա՝ բարերարներին է պատկանում: Այն գործողությունները, որ կատարվում են Շուռնուխում՝ մի մասը պլանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս մասը՝ բարերարները: Շուռնուխում այս պահին մոտ 30 տուն է կառուցվում՝ նաև այն արցախահայերի համար, ովքեր առանց տուն են մնացել, այսինքն՝ նրանց նույնպես տուն կտրամադրվի: Շատ հաճախ ներկայացվում է, թե Կառավարությունն ինչ-որ գործողություններ է կատարում և տպավորություն է, թե այդ ամենն իրենց անձնական միջոցների հաշվին է, այնինչ, դա իմ ու մեր բոլորի վճարած հարկերից գոյացող գումարից է տրամադրվում»,- ասել է Գորիսի համայնքապետը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն