Հայաստանի Պատմության թանգարանը մոդեռնիզացվում է, վերանայում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության պատմությունը

Հայաստանի Պատմության թանգարանը մոդեռնիզացվում է: Թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանի գալով` Պատմության թանգարանում անմիջապես մեծ շինարակական աշխատանքներ են սկսվել: Փոխվում են Պատության թանգարանի ջերմախոնավային և օդափոխության համակարգերը: Անցյալ տարվա նոյեմբերի 10-ից (հետաքրքիր զուգատիպությամբ՝ հենց կապիտուլացիոն ակտի ստորագրման օրը) Հայաստանի Պատմության թանգարանն այցելուների համար ժամանակավորապես փակեց իր դռները ՝ մինչ վերանորոգման աշխատանքների ավարտը: Թանգարանի նորանշանակ տնօրենը հույս ունի, որ մշակութային, թերևս ամենակարևորագույն այս օջախը, այցելուների համար կրկին բաց կլինի ընթացիկ գարնան վերջին: Եվ, թեև, վերանորոգման աշխատանքների ավարտին, կարծես թե, երկու ամիս ժամանակ է մնացել, այնուամենայնիվ, Դավիթ Պողոսյանը դեռևս չի կարողանում պատասխանել՝ ի՞նչ հայեցակարգով կներկայանա վերանորոգված Պատության թանգարանը, ի՞նչ մշտական և ժամանակավոր ցուցադրություններ տեղ կգտնեն թանգարանի պատերից ներս: Մեկ բան հստակ է՝ Հայաստանի Պատմության թանգարանում փոփոխություններ լինելու են, դրանք անխուսափելի են:

«Փաստարկ» լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով Պատմության թանգարանում սպասվելիք առաջիկա նորարարությունների թեմային, նորանշանակ տնօրենը նկատում է՝ վաղուց ժամանակն է նոր և թարմ շունչ հաղորդել Հայաստանի Պատմության թանգարանին և այդ իմաստով, մշտական և ժամանակավոր ցուցադրություններում որոշակի փոփոխություններ կլինեն՝ հատկապես մեծ տեղ են պատաստվում հատկացնել ժամանակակից պատմական իրադարձություններին: Օրինակ՝ Պատմության թանգարանում, անպայման, Թավշա հեղափոխության մասին պատմող ցուցադրություն կլինի, վերանայում են թանգարանի՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին վկայող պատմական հատվածը: Որոշ բաներ կհանվեն, նորերը` կավելացվեն: Ընդհանուր առմամբ թանգարանը կմոդեռնիզացվի, ինտերակտիվության մասին նույնպես մտածում են:

Հիշեցնենք, որ Դավիթ Պողոսյանը Հայաստանի Պատմության թանգարանի տնօրենի պաշտոնում նշանակվել է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում՝ անցյալ տարի օգոստոսին: Դավիթ Պողոսյանը հաջորդում է թանգարանի նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին:

Հայաստանի Պատմության թանգարանում պահվում են շուրջ 400.000 իրեր և առարկաներ, որոնցից յուրաքանչյուրը պահպանության համար հատուկ պայմանների կարիք ունի:

  • Պարոն Պողոսյան, ինչպե՞ս որոշվեց, որ Հայաստանի Պատմության թանգարանը պետք է անցնի վերանորոգման լայնածավալ աշխատանքների:
  • Թանգարանը երկար տարիներ չի ունեցել հատուկ ջերմախոնավային և օդափոխության համակարգեր: Իհարկե, տարիներ շարունակ այլ և այլ եղանակներով ցուցասրահներում աշխատակիցների ջանքերով փորձ է արվել ապահովել որոշակի համակարգ, բայց արդի թանգարանն, ուղղակի անհնար է պատկերացնել առանց նման` հատուկ արդիականացված համակարգերի: Այդ պատճառով, անցյալ տարվա սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին համապատասխան շինարարական աշխատանքներ սկսվեցին, իսկ նոյեմբերի առաջին օրերին թանգարանն արդեն փակվեց այցելուների համար, որովհետև այլևս հնարավոր չէր համատեղել ցուցադրության և վերանորոգման աշխատանքները:

  • Ի՞նչ միջոցներով են կատարվում թանգարանի վերանորոգման աշխատանքները:
  • Այս գործընթացը մեկնարկել է դեռևս 2019 թվականին, իսկ 2020-ին այն գործնական փուլ մտավ: Այսօրվա սուղ պայմաններում պետությունն՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, այնումենայնիվ, միջոցներ տրամադրեց, որպեսզի թանգարանը նոր և արդիականացված ջերմախոնավային և կայուն օդափոխության համակարգ ունենա: Սրան նախորդել էին նախագծային փուլեր, որը, սակայն, ֆինասնավորվել էր թանգարանի արտաբյուջետային ֆոնդի հաշվին (տեղեկացնենք, որ Հայաստանի Պատմության թանգարանում նախկին տարիներին գոյացած արտաբյուջետային գումարները կազմել են մոտավորապես 70-80 մլն դրամ):

Զրույցի ընթացքում թանգարանի նորանշանակ տնօրենը հրաժարվեց բաց տեղեկատվություն տրամադրել թանգարանի արտաբյուջետային գումարների վերաբերյալ, դժվարացավ կոնկրետացնել նաև, թե ջերմախոնավային և կայուն օդափոխության համակարգ տեղադրելու համար որքա՞ն գումար է նախատեսվել և ծախսվել, ուղղորդելով լրագրողին՝ հարցի պատասխանը հստակեցնել այն իրականացնող շինարակական կազմակերպության՝ «Բաղրամյան շին» ընկերության հետ. հեղինակ Ն.Մ.):

  • Թանգարանի ցուցադրական հայեցակարգի վերաբերյալ ի՞նչ նորություններ են սպասվում:
  • Քանի – որ պատմությունը որոշակի կայուն ժամանակագրություն է ենթադրում, հետևաբար, գլոբալ առումով կողմ չեմ, որպեսզի մշտական ցուցադրությունը փոփոխության ենթարկվի, պատմական ժամանակագրությունը պետք է պահպանել: Սակայն, որոշակի պատմական թեմաների՝ տարբեր և նորարարական մոտեցումներ կլինեն:
  • Օրինա՞կ …
  • Մենք կարծում ենք, որ որոշակի թեմաներին ավելի նորարակական մոտեցում պետք է ցուցաբերել, փորձելով ավելի ինտերակտիվ միջոցներ կիրառել և ներգրավել: Դեռևս շատ հարցեր քննարկման փուլում են, որովհետև հայեցակարգը, այնուհետև նաև ձևավորման փուլը, դեռևս պրոցեսի մեջ են, հետևաբար, չէի ցանկանա տեղեկություն տրամադրելու հարցում շտապել:

  • Պարո՛ն Պողոսյան, ինչքանով տեղյակ եմ, Թավշա հեղափոխության մասին պատմող ժամանակավոր ցուցադրություն Պատմության թանգարանում արդեն իսկ եղել է: Արդյո՞ք նախատեսում եք վերանորոգումից հետո այն ընդգրկել մշտական ցուցադրության մեջ:
  • Որպես պատմաբան, պետք է նշեմ, որ պատմության յուրաքանչյուր դրվագ պետք է ներգրավված լինի Պատմության թանգարանում: Այս առումով մենք հայեցակարգային ծրագրերում հատուկ ուշադրություն ենք դարձնելու, հատկապես, 20 և 21-րդ դարերի ուսումնասիրման և ներկայացման վրա: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե կոնկրետ Թավշյա հեղափոխությունը ինչ կերպով կարտացոլվի Պատմության թանգարանի ցուցասրահներում, բայց որ այն՝ իբրև 21-րդ դարի Հայոց պատմական կարևորագույն իրադարձություն, անպայման տեղ կգտնի Պատմության թանգարանում, սա հստակ է:
  • Մինչ այստեղ գալը ես տեղեկություն ստացա այն մասին, որ նոր հայեցակարգում Պատմության թանգարանը կվերանայի նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին վկայող պատմական ժամանակահատվածը: Արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը:
  • Ինչպես արդեն ասացի՝ հայեցակարգային հարցերը դեռևս քննարկման փուլում են, դրանք ավարտուն տեսքի դեռևս չեն բերվել, բայց որ փոփոխություններ կլինեն, դա հստակ է և անխուսափելի:

  • Պարո՛ն Պողոսյան, նշանակվելով թանգարանի տնօրեն, արդյո՞ք ազատվել եք թանգարանի նախկին աշխատակիցներից, համալրե՞ք եք որդյոք թանգարանի աշխատակազմը:
  • Այո, փոփոխություններ, իհարկե, եղել են, բայց ես դա չէի բնորոշի՝ իբրև հներից ազատվելու միջոց: Պարզապես թանգարանի աշխատակազմը համալրվել է նոր և երիտասարդ աշխատակիցներով, ովքեր իրենց հետ թարմ շունչ և նոր գաղափարներ են բերել այստեղ, և մենք փորձում ենք իրականություն դարձնել այդ գաղափարները: Վերջապես պատմությունը ևս զարգացող գիտություն է, այն չի կարող տեղում դոփել, հետևաբար, Պատմության թանգարանը ևս, պետք է համահունչ քայլի ժամանակի պահանջներին:

          Նվարդ Մանվելյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն