102-րդ ռազմակայանի պատմությունն ու նշանակությունը

 Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում,  եթե կարողանում են այն պարտադրել

Գուրմոն

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերությունները։ Անշուշտ դրանք չեն սահմանափակվում մշակութային ու տնտեսական համագործակցությամբ։ Գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ուղղություն է համագործակցության ռազմական ոլորտը։

Հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և տարածաշրջանում տեղի ունեցող վերաձևումները` ՀՀ արտաքին քաղաքականությունը փորձում էր լինել ճկուն` երկիրը դարձնելով տարբեր երկրների բանակցությունների, երկխոսությունների խաչմերուկ։

Բացի հայ-ռուսական ուղիղ համագործակցությունից (հայ-ռուսական զորախումբ), Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին (2002 թվականին հաստատվել է կազմակերպության կանոնադրությունը և ստորագրվել ՀԱՊԿ կարգավիճակի մասին համաձայնագիրը)։

Մյուս կողմից, 1994 թվականին Հայաստանը սկսեց համագործակցել ՆԱՏՕ-ի հետ` միանալով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ Համագործակցության հիմնական ուղղություններն են խաղաղապահ գործունեությունը (հայկական ստորաբաժանումները գտնվում են Կոսովոյում (2004թ.-ից) ու Աֆղանստանում (2020թ.-ից)) և բանակի արդիականացումը (Հայաստանի ԶՈւ սպայական կազմի որակավորման բարձրացում)։

ԽՍՀՄ փլուզումից հետո, փորձելով ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, 1994 թվականի սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա ստեղծվեց 102-րդ ռազմակայանը։

1995թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանագիր ստորագրեցին՝ Հայաստանում 25 տարի ժամկետով (մինչև 2020 թվականը) ռուսաստանյան ռազմակայան ստեղծելու մասին: Կողմերի փախհամաձայնությամբ, դրանից հետո, այս ժամկետը ևս 5 տարով պետք է երկարաձգվեր։

Ըստ համաձայնագրի` 102-րդ ռազմակայանը նպատակ ունի Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովել։

«1997թ. ապրիլի 18-ին այն վավերացել էր Պետդուման, հաղթահարելով ադրբեջանամետ լոբբիի հակազդեցությունը, որի շարժիչ ուժն էր Դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Լև Ռոխլինը: Սպասել չտվեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, որոնք մի քանի օր անց վավերացրեցին պայմանագիրը»,- գրել էր Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը:

Չսպասելով ժամկետի լրանալուն` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի օգոստոսին պետական այցով ժամանեց Հայաստան, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ստորագրեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.` պայմանագրի գործողության ժամկետը դարձնելով 49 տարի: Արձանագրությամբ ընդլայնվում էր նաև ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Համաձայնագրի բովանդակությունից հեռացվել էր ռազմակայանի գործառույթներում առկա ԽՍՀՄ արտաքին սահմաններով տարածքային սահմանափակումը։

Ռուսական կողմը պարտավորվել էր Հայաստանին տրամադրել ժամանակակից զինտեխնիկա։

Հենց այս համաձայնության արդյունքում հետագայում հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել « 9K720 Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգ։

2014 թվականի հունվարին «Ռազմինֆո» տեղեկատվական կայքը անդրադարձավ Հայաստանին «Իսկանդեր» տրամադրելու լուրերին։ Բերելով մի շարք փաստեր` կայքն ապացուցեց, որ Հայաստանում, այդ թվում նաև ռուսական 102-րդ ռազմակայանում, այնուամենայնիվ, այս բալիստիկ հրթիռն առկա չէ։ https://razm.info/29482

2016 թվականի մայիսյան շքերթի ժամանակ ռուսական «Իսկանդերը» «մուտք գործեց» Հանրապետության Հրապարակ` դառնալով քննարկումների ու բամբասանքների նոր ալիքի պատճառ։

2020 թվականի հայ-ադրբեջանական հերթական պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարեց, թե պատերազմի ընթացքում կիրառվել է «Իսկանդեր» ու այն պայթել է միայն 10%-ով, ինչն, անշուշտ, փորձագետների կարծիքով «ֆանտաստիկայի ժանրից» հայտարարություն էր։

Կարծում եմ, որ «Իսկանդերի» ոդիսականը մեզ համար կբացահայտի միայն ժամանակը։ Սակայն, այս հրթիռային համակարգի առկայության մասին տեղեկատվությունը ժամանակին ստիպել էր թշնամի Ադրբեջանին անհանգստանալ ու ընկրկել։

Վերադառնալով 102-րդ ռազմակայանին` նշեմ, որ այնտեղ ընդհանուր առմամբ ծառայում է շուրջ 5 հազար ռուս զինվորական: Ռազմական աղբյուրների տվյալներով՝ ռազմակայանում առկա է 74 տանկ, 17 hետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 148 զրահավոր փոխադրիչ մեքենա (ԲՏՌ), 84 հրետանային համակարգ, С-300 եւ С-200 զենիթահրթիռային համալիրներ: 2012թվականին ռազմակայանի սպառազինությունը համալրվել էր անօդաչու թռչող սարքերով, որոնք համատեղելի են GLONASS և GPS համակարգերի հետ:

2001 թվականից մշտական համատեղ մարտական հերթապահություն սկսեցին իրականացնել Ռուսաստանի եւ Հայաստանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն ու միջոցները:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմական կառույցը հանդիսանում է 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։ Այստեղից ռուսական ՄԻԳ-29-ները օդային սահմանների պաշտպանության և պահպանման մարտական հերթապահություն են իրականացնում՝ ԱՊՀ երկրների միասնական ՀՕՊ համակարգի շրջանակում:

Տարածքային առումով այն ՌԴ-ի համար ռազմավարական նշանակության զինվորական օբյեկտ է, քանի-որ ավելի մոտ է գտնվում Ռուսաստանի համար ռազմական հետաքրքրություն ներկայացնող Մերձավոր Արևելքի երկրներին։ Օրինակ, այստեղ էին լիցքավորվում ռուսական օդանավերը` սիրիական պատերազմի ժամանակ։

Սակայն, օդանավակայանի տեղակայումը օգտագործվել է մի շարք միջազգային լրատվամիջոցների կողմից` փորձ կատարելով Հայաստանը ներքաշել ռուս — ուկրաինական հակամարտության ճահիճ։

Այսպես, ամերիկյան BBC հեռուստաընկերությունը տեղեկատվություն էր տարածել, իբր սիրիական վարձկանները Հայաստանի տարածքով տեղափոխվում են Ռուսաստան, այնուհետև` Ուկրաինայի սահմանագիծ։ https://infocom.am/hy/Article/78952

Հետագայում տեղեկատվությունը հերքվել է։

Հարցին ոչ մի կերպ չի անդրադարձել հայկական կողմը, ինչն աշխարհում առկա ռուսոֆոբիայի ֆոնին կարող է խորացնել` թշնամի Ադրբեջանի կողմից քարոզվող հայատյացությունը։

102-րդ ռազմակայանի տարածքը ՌԴ-ն անվճար է վարձակալում։ Կոմունալ ծախսերն ամբողջությամբ հոգում է հայկական կողմը։

Ռուսական 102-րդ ռազմակայանի հետ կապված միջադեպերը պարբերաբար հարուցել են հայ հանրության դժգոհությունը։ Հակառուսական քարոզով զբաղվող մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց հակառուսական գործունեության համար դրամաշնորհներ են ստանում (առկա են փաստեր), պահանջում են Հայաստանից հեռացնել ռուսական զինուժը` մատնացույց անելով նրա անիմաստ ու վտանգավոր լինելու «փաստերը»։

Այսպես, 1999թ. ապրիլի 14-ին երկու ռուս զինծառայող, ոչ սթափ վիճակում, Գյումրիի շուկայում ինքնաձիգերից անկանոն կրակ են բացել, ինչի արդյունքում մահացել է 2 քաղաքացի, 9 հոգի ստացել է վիրավորում։

Դատական գործընթացն իրականացվել է Հայաստանում, ռուս զինվորականները դատապարտվել են 15 և 14 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում։

Ոչ պաշտոնական տվյալներով մի քանի տարի անց նրանք տեղափոխվել են ՌԴ և 7-8 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ են արձակվել։

2003թ. հուլիսի 11-ին մի քանի երիտասարդ փորձել է մուտք գործել ռազմակայանի տարածք։ Հերթապահ ռուս զինվորականները կրակ են բացել, ինչի արդյունքում սպանվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Արթուր Պողոսյանը եւ Արմեն Արոյանը: Եվս երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրամանով պաշտոնից ազատվել է կայանի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը:

2013թ. ապրիլի 7-ին ռուսական ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից մահացել է երկու երեխա` 2001թ. ծնված Ա.Մկրտչյանը  և 1997թ. ծնված Մ.Գևորգյանը:

2015թ. հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում դաժանությամբ սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել, ցավոք, չի հաջողվել։ Երեխան 7 օր անց` հունվարի 19-ին մահացել է: Գործով գլխավոր մեղադրյալը 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն էր: Նրա դատավարությունը տեղի ունեցավ ռազմակայանի տարածում։ Հետագայում Պերմյակովը տեղափոխվեց Ռուսաստան։

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, օբյեկտիվ դիտորդի համար, թերևս ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ։

Առավել կասկածելի էր այն հանգամանքը, որ ընտանիքի բոլոր անդամները սպանվել էին իրենց անկողիններում կամ դրանց մոտ, ինչը թերևս կարող է նշանակել, որ սպանությունները կատարվել են գրեթե միաժամանակ։ Պատասխան չի ստացել այն հարցը, թե ինչպես կարող էր մեկ հոգին միաժամանակ սպանել տարբեր սենյակներում քնած մարդկանց։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` սպանության իրական մեղավորները սահմանը հատած թուրք դիվերսանտներին էին (թվով 5-6 հոգի)։

Սահմռկեցուցիչ սպանություն կատարելու դրդապատճառ է դիտարկվում ապացուցել ռուսական ռազմակայանի տեղակայման աննպատակահարմարությունը։ Այն է. եթե ռազմակայանի «քթի տակ» կատարվում է նման սարսափելի դեպք, ապա ռուս զինվորն ի զորու չէ պաշտպանել ՀՀ քաղաքացուն։ Ծրագրի համաձայն հայ հանրությունը պետք է ռազմակայանին դեմ դուրս գար և պահանջեր այն դուրս բերել հայկական տարածքից։

Հանրությանը հայտնի փաստ է, որ մի շարք գրանտակեր «հասարակական կազմակերպություններ» ցույցեր նախաձեռնեցին ռամզակայանի առջև, որոնք, սակայն, մնացին անհետևանք։

Պատճառը թերևս այն է, որ ռուսական կողմն իր վրա վերցնելով սպանությունների մեղքը, «հարվածի տակ դրեց» մեկ ռուս զինվորի` պաշտպանելով ռազմակայանի տեղակայման «իրավունքը»։

Արցախյան 44-օրյա պատերազմը նույնպես շատ հարցեր առաջ քաշեց. թե՛ «Իսկանդերի», թե՛ ՀԱՊԿ-ին անդամակցության, թե՛ ռուսական զինված ուժերի` Հայաստանի տարածքում տեղակայման առումով։

Պատերազմից հետո ռուսական կողմը մեծ թվով զինվորական ուժ տեղակայեց Սյունիքի մարզում, ինչպես նաև ուժեղացրեց իր դիրքերը Արարատում և Վայոց Ձորում։

Թեև հայ ազգը սիրում է իր անհաջողությունների մեջ մեղադրել ուրիշներին, սակայն, ես համոզմունք ունեմ, որ մեր բոլոր ձախողումների պատճառը միայն մենք ենք։

Մենք չենք տեսնում մեր ազգային ու պետական շահը։ Մենք, որպես ազգ, անգամ չգիտենք, թե որոնք են դրանք։ Այս կամ այն ուղղության «թևի տակ մտնելու» մոլուցքը դարձնելով ուղեցույց աստղ` մենք մոռացել ենք, թե ով ենք եղել ու չենք հասկանում, թե դեպի ուր ենք գնում։

Պատրաստ չլինելով պաշտպանել ինքներս մեզ, մենք պահանջում ենք, որ այլ երկրները դա անեն, իսկ չանելու դեպքում` մանկապարտեզի երեխայի պես խռովում ենք նրանցից։

Հ.Գ. Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Հայաստանին «պարտադրել են» նվազեցնել բանակի զինծառայողների թիվը` 70000-ից հասցնելով 15000-ի։

Պաշտոնական աղբյուրները լուռ են, սակայն ակտիվորեն փոփոխում են պարտադիր զինվորական ծառայության պայմանները և գերադասություն տալիս եռամսյա պայմանագրային զինծառայությանը։

Արդյո՞ք կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ալիևը Փաշինյանին չի պարտադրել վերացնել Հայոց Բանակը։ Ոչ ոք մեզ երաշխիքներ տրամադրել չի կարող։

Անշուշտ, փորձառու զինվորականները պետք է պաշտպանեն մեր հայրենիքի սահմանները, իսկ 18-ամյա պատանին պետք է ուսուցանի ռազմարվեստի տեսական և կիրառական բաժինները։

Սակայն, ինչպե՞ս հասկանալ այն իրավիճակը, երբ սահմանը պահող պայմանագրային զինծառայողների շուրջ 80%-ը թշնամու դիրքերին հետևելու փոխարեն օնլայն կազինո է խաղում և ողջ աշխատավարձը ծախսում այդ սարսափելի հիվանդության վրա։

Ոչ, հարգելի՛ ընթերցող, չկա որևէ վերահսկողություն այս անթույլատրելի իրավիճակի նկատմամբ։

Նման լրջագույն անվտանգային հարցերի քննարկման, կազմակերպման և լուծման փոխարեն մարդկանց հիպնոսացնում են անորակ սերիալներով, ֆեյսբուքյան քննարկումներով, սննդամթերքի գների սոսկալի աճով։ Վերջին հարցի դրդապատճառներին ու նպատակներին կանդրադառնամ հաջորդիվ։

Խաղաղություն գտնում են ոչ թե փորձելով խուսափել խնդիրներից,

այլ խիզախորեն բախվելով դրանց:

Խաղաղություն գտնում են ոչ թե հերքման, այլ հաղթանակի մեջ:

Խ.Մ.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն