«27 կողմ, 2 ձեռնպահ համամասնությամբ, ընդունվեց ռուսերենն Արցախում պաշտոնական լեզու հայտարարելու մասին օրենքը». Արցախի ԱԺ պատգամավոր

«Արցախի Ազգային ժողովն այսօր 30 ներկաներից՝ ձայների 27 կողմ, 2 ձեռնպահ համամասնությամբ, ընդունեց ռուսերենն Արցախի Հանրապետությունում պաշտոնական լեզու հայտարարելու մասին օրենքը: Սրանով Արցախի իշխանութունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ժողովրդի կարծիքն իրենց համար անկարևոր և ավելորդ մի բան է»,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն` անդրադառնալով Արցախում Լեզվի մասին օրենքում փոփոխություն կատարելու թեմային, որով ռուսերենն, այսուհետ, Արցախում պաշտոնական լեզու է համարվում:

Արցախի ԱԺ պատգամավորը նշում է՝ մտքերի փոխանակման ընթացքում ինքը հայտնել է նախագծի առնչությամբ իր կողմից առկա բոլոր դժգոհությունները, սակայն դրանք քննարկման չեն արժանացել. «Հետպատերազմյան զարգացումների ֆոնին, Արցախում Լեզվի մասին օրենքում փոփոխություն, իհարկե, պետք է արվեին, սակայն ոչ այս կերպ: Ես առաջարկում էի փոխել Լեզվի մասին օրենքի՝ հոդված 1.2-ում առկա ձևակերպումը, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն համարվում է գրական հայերեն ու ռուսերենը: Ինքս առաջարկում էի հետևյալ ձևակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն համարվում է գրական հայերենը, կարող է գրական հայերնի հետ մեկտեղ օգտագործվել նաև ռուսերեն լեզուն: Բայց, քանի-որ Արցախի իշխանություններն օրենքում փոփոխութուններ կատարելու ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկեցին և այն ընդունվեց այնպես, ինչպես նախատեսված էր, ես դուրս եկա օրենիք մշակման համահեղինակների ցանկից և չմասնացեցի այսօր տեղի ունեցած քվեարկությանը», — ասում է Արցախի Ազգային ժողովի պատգամավորը:

«Փաստարկ» լրատվականի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանը հավելում է՝ այն տարբերակը, որով օրենքն այսօր հավանության արժանացավ Արցախի Ազգային Ժողովի կողմից, բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել հասարակության լայն շերտերում, սակայն որևէ տեսակի քննարկում կամ բանավեճ այս ուղղությամբ Արցախի իշխանությունները կազմակերպելու փորձ անգամ չարեցին, ցույց տալով, որ, հերթական անգամ, մեջքով շրջվել են դեպի Արցախի ժողովուրդն ու անում են այնպես, ինչպես իրենց է համար:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն