ԱԺ ընդունեց հայհոյանքը քրեականացնող խնդրահարույց նախագիծը, որի նպատակը, ըստ նախագծի հեղինակների` մեր երկրում հսյհոյանքի իսպառ վերացումն է։ Նկատենք,որ հայհոյանքը քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կիրառվելու է միչև 2023 թվականը։ Հեղինակները փոփոխություն են արել գործող օրենսգրքում։ Նոր փոփոխությունների համաձայն քրեական նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2023 թվականին։ Այնուամենայնիվ այս մի քանի տարվա ընթացքում այս օրենքն ինչպե՞ս է կիրառվելու։ Արդյո՞ք տուգանքների ու քրեական հետապնդման համար պետք է լինի մասնավոր գանգա՞տ, թե՞ հայհոյանքը դիտելու են որպես հանրային վտանգավոր արարք և պատժելու են առանց անձի բողոքի։ Քրեական վարույթի հարուցումն ինչպե՞ս է իրականացվելու՝ մամուլի հրապարակումների՞, թե՞ տուժողի բողոքի հիման վրա։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց՝ լրացումները և փոփոխությունները 3 մասից են, և մասնավոր գանգատի գործ դիտարկվելու են միայն 1-ին մասով պատասխանատվություն նախատեսող դեպքերը։
Առաջին մասով` անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է պատիժ 100 հազարից 500 հազար դրամի չափով։
Հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը վերաբերում են եթե՝ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` տուգանվում է 500 հազարից 1 միլիոն դրամով, և նույն արարքը, որը կատարվել է նույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ), կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով։
«Իսկ 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքին բնորոշ հատկանիշների առկայության դեպքում, օրինական առիթի ու հիմքի դեպքում կարող է հարուցվել։ Այսինքն՝ դա հանրային բողոքի կարգով է արվում»,- մեկնաբանեց Գոռ Աբրահամյանը։
Ստացվում է, որ քաղաքացին պետք է իրեն հայհոյելու համար դիմի ոստիկանություն, բողոք ու բացատրություն գրի, սպասի և հույս ունենա, որ քրեական գործ կհարուցվի, իսկ հանրային դեմքը, քաղաքական գործիչը դրա կարիքը չունի` նա կսպասի և դատախազությունն այն կանի իր փոխարեն։ Թե ինչպե՞ս են պատասխանատվության ենթարկվելու արտերկրից նույն պաշտոնյաներին հայհոյողները, դատախազությունից չեն մեկնաբանում։ Ստացվում է, որ ում հնարավոր է գտնել կամ պետք է` նրան էլ կպատժեն։ Բարի գալուստ ընտրովի արդարադատություն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն