Աֆղանստանից Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում՝ հարցն անհապաղ կքննարկվի ՀԱՊԿ-ում. Լավրով

Աֆղանստանից Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում՝ հարցն անհապաղ կքննարկվի ՀԱՊԿ-ում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Տաջիկստանի հետ դաշնակիցներ ենք։ Եթե հարձակվեն Տաջիկստանի վրա, իհարկե, դա քննարկման թեմա կլինի ՀԱՊԿ-ում,- ասել է նա՝ «Ռուսաստանի միջազգային գործունեությունը ռուսական տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսությամբ հանդես գալով Հեռավորարևելյան Դաշնային Համալսարանում.

Լավրովն հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարության ներկայացուցիչներն այցելել են տաջիկա-աֆղանական սահման, և իրադրությունը քննարկվել է մշտական խորհրդի նիստում։

« Ինչ-որ տեղ կարդացել եմ, կամ հեռուստացույցով եմ լսել՝ մեր զորքերը կտանե՞նք Աֆղանստան։ Պատասխանն, իհարկե, ակնհայտ է»,- բանաձևել է Լավրովը։

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Աֆղանսատնից զորքերը պետք է դուրս բերեն մինչև սեպտեմբերի 11-ը։ Զորքերի դուրսբերում Աֆղանստանում տեղի է ունենում «Թալիբան» շարժման ակտիվացման ֆոնին։ Մայիսից թալիբները խոշորածավալ հարձակողական գործողություններ են անցկացնում և նեղում են կառավարական ուժերին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկա պահին թալիբներն իրենց հսկողության տակ են առել երկրի 370 շրջաններից 110-ը։ Տեղեկացվում է, որ Աֆղանստանի կառավարական ուժերի ռազմական խմբերը, թալիբների գրոհի պատճառով, տեղափոխվում են Տաջիկստանի տարածք:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տաջիկա-աֆղանական սահմանը հսկում էին ռուս սահմանապահները։ 2005 թվականից սահմանի հսկողությունը լիովին անցավ Տաջիկստանի պետական սահմանի պաշտպանության հանձնաժողովին, ռուս սահմանապահները դուրս բերվեցին Տաջիկստանից: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը Տաջիկստանում կազմավորել է օպերատիվ սահմանային խումբ։

Տաջիկստանում գործում է ռուսական 201-րդ ռազմական հենակայանը, որը Ռուսաստանի սահմաններից դուրս ամենախոշոր ռազմական կառույցն է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն