ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall Street Joural հրատարակությունը՝ վկայաբերելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ինչպես նշվում է` Բայդենը ցեղասպանություն է համարում հայերի զանգվածային ոչնչացումը, արտաքսումը և սովը․ իրադարձություններ, որոնք սկսվեցին 1915թ․։ Այս հայտարարությունը կարվի ապրիլի 24-ին ՝ամենամյա ելույթի ընթացքում։ Ամերիկացի պաշտոնյաները հավելել են, որ վերջնական որոշում չի ընդունվել, և Բայդենը կարող է սահմանափակվել խորհրդանշական հայտարարությամբ՝զանգվածային ոչնչացումը համարելով սպանություններ և ոչ թե ցեղասպանություն, ինչպես որ վարվել են ԱՄՆ մյուս նախագահները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական Haberturk հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ Բայդենի հնարավոր հայտարարությունը ցեղասպանության մասին կվնասի թուրք- ամերիկյան երկկողմ հարաբերություններին։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հարցի մեկնաբանություններով հանդես չի եկել։

Հիշեցնենք, որ հայերի ցեղասպանությունը 1965թ ճանաչել է Ուրուգվայը, որին հաջորդել են Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Բելգիան, Լեհաստանը Լիտվան, Սլովակիան, Շվեդիան , Շվեյցարիան Հունաստանը, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան Չիլին, Վատիկանը Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան Լյուքսեմբուրգը։

Թուրքիան չի կիրառում ցեղասպանություն եզրույթը՝ հայտարարելով, որ եղբայրասպան պատերազմ է եղել և երկուստեք կան մեծաքանակ զոհեր։ Անկարան հայտարարել է պատմական արխիվների բացման մասին, որպեսզի պատմաբաններն ուսումնասիրեն և օբյեկտիվ մոտեցում ունենան հարցի առնչությամբ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն