ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր է մայիսին այցելի Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր է մայիսին այցելի Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայաբերելով ամերիկյան դիվանագիտության աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Բլինքենի այցը նպատակ ունի մեղմելու ուկրաինական կողմի մտահոգությունները՝ կապված առաջիկայում Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր կայանալիք հանդիպման հետ։

Փաստը, որ պոտենցիալ հանդիպումից մի քանի շաբաթ առաջ Բայդենի վարչակազմն իր գլխավոր դիվանագետին ուղարկում է Ուկրաինա՝ կոնկրետ ազդանշան է այն մասին, որ Վաշինգտոնն աջակցում է արևելաեվրոպական այս երկրին և գնահատում է նրան՝ որպես դաշնակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄն-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում դիտարկել են տարածաշրջանային և մեծ քաղաքականության հարցեր, մասնավորապես՝ Մոսկվայի և Վաշինգտոնի նկրտումները ռազմավարական կայունության առումով։ Բանակցությունների ընթացքում Բայդենն առաջարկել է հանդիպում չեզոք երկրում։ Սպիտակ տունը ծանուցել է, որ բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչները քննարկելու են հիմնախնդիրների այն տարրապատկերը, ինչը ծառացած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առջև։

Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիև է հրավիրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն