Առաջիկայում կմշակվի նաև համատիրությունների կառավարման համակարգը. «Խելացի Երևան»

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը որդեգրել է «Խելացի քաղաք» նախագծի զարգացման հետևյալ ուղղությունները` Խելացի տնտեսություն և միջավայր, Խելացի քաղաքապետարան, Անվտանգ և դիմակայուն քաղաք, Կանաչ քաղաք, Խելացի քաղաքացի:

Այժմ աշխատանքային խումբը մշակում է «Խելացի քաղաք» նախագծի հայեցակարգը. հստակեցվում են ռազմավարությունը, առաջնահերթությունները, դիտարկվում է ներդրումներ գրավելու հնարավորությունը:

Երևանի՝ խելացի քաղաք դառնալու հիմնական նախապայմաններից է տրանսպորտային համակարգի բարելավման համալիր ծրագիրը: Այն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ։

Նախատեսվում է ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան հասարակական տրանսպորտի երթուղային ցանց, որը կնվազեցնի վարորդ — ուղևոր շփումը։ Այս մեխանիզմն արդեն իսկ մեկնարկել է։ Նոր ավտոբուսներն արդեն իսկ աշխատում այս կերպ։ Ուղևորները երթուղի բարձրանալիս գումարը գցում են արկղի մեջ, ապա նոր սկսում են երթևեկել։ Ծրագրի շրջանակներում առաջարկվում է ինտեգրված սակագին և տոմսային համակարգ, հարմարավետ ավտոբուսներ, ուղևորների տեղեկատվական համակարգ, որը ներառելու է առկա չվացուցակի ժամատախտակների բարելավում և ընդլայնում, բջջային հավելված և կայք:
Ժամանակակից կանգառասրահների անբաժան բաղադրիչները կլինեն էլեկտրոնային չվացուցակները, էլեկտրոնային տոմսերի լիցքավորման կետերը, ինտերնետային ցանցին միանալու հնարավորությունն ու տեղեկատվական այլ միջոցներ:

Երևանը խելացի քաղաք դարձնելու գործում մեծապես ներգրավված է նաև «Հուավեյ թեքնոլոջիս Արմենիա» (Huawei Technologies Armenia) ընկերությունը, որը պատրաստ է կառավարության հանձնառության և դրամական միջոցների դեպքում լուծումներ մշակել մայրաքաղաքի համար։
Ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և պատրաստվում է գործարկել տեսապատկերի անալիզի պիլոտային ծրագիրը: Այն ուղղված է երթևեկությունը կարգավորող, խցանումները նվազեցնող տրանսպորտային հոսքերի կառավարմանը, ինչպես նաև` անվտանգության բարելավմանը։

«Խելացի քաղաք» կոչումը ստանալու համար ոչ պակաս կարևոր է քաղաքային լուսավորության մաքուր և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը։ Ինչպես նշում է Սարգիս Մանուկյանը, էներգախնայողության նպատակով Երևանի 15 փողոցներում արդեն գործում է շուրջ 2000 LED լուսատու: Առաջիկայում էլեկտրախնայող լամպեր կդրվեն ևս 28 փողոցում: Քաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով վերգետնյա լարերը կանցկացվեն ստորգետնյա խողովակաշարերով:

Բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման համար էլ կիրառվել են այնպիսի լուծումներ, ինչպիսիք են շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացումը՝ արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինումը, տանիքի ջրամեկուսացումը:

Այդ աշխատանքներն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Green Climate Fund (GCF) կազմակերպության աջակցությամբ: Ծրագիրը հնարավորություն է տվել ապահովել շուրջ 60 տոկոս էներգախնայողություն։

Քաղաքային կյանքի դյուրացման և ծառայությունների հասանելիության համար հուլիսին Երևանի Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում արևային էներգիայով սնուցվող առաջին կանգառներն են գործարկվել։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանում Եվրոպական միությունն է։ Կանգառներում այցելուները կարող են անվճար լիցքավորել բջջային հեռախոսներն ու թվային այլ սարքեր. անհրաժեշտ է միայն ունենալ համապատասխան USB լարը:
Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս:

Խելացի քաղաքում նույնքան խելացի ու ակտիվ քաղաքացիներ ունենալու նպատակով կներդրվի «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը։ Վերջինս կխրախուսի մասնակցությունը հանրային որոշումներ ընդունելիս, ինչպես նաև քաղաքացու ազդեցությունը քաղաքային այս կամ այն խնդրների լուծման մեջ:

Առաջիկայում կմշակվի նաև համատիրությունների կառավարման համակարգը, որն ավելի վերահսկելի և թափանցիկ կդարձնի ոլորտի գործունեությունը: Այն կունենա նաև բջջային հավելվածի տարբերակ: Քաղաքացիները կդիմեն իրենց բազմաբնակարան շենքին առնչվող խնդիրներով և կստանան լուծումներ:

Ի դեպ՝ 2012 թվականին Հայաստանում ստեղծվել է CityBugs հարթակը, որի միջոցով քաղաքացիները հայտնում են իրենց հուզող խնդիրների մասին, ներկայացնում առաջարկություններ, դրանք արտացոլվում են քարտեզի վրա։ CityBugs -ը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Ստեփանակերտում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն