Արցախի Աղավնո գյուղում ստեղծվում են աշխատատեղեր. Նաիրի Հոխիկյան

Արցախի Աղավնո գյուղում ստեղծվեց ևս մի քանի աշխատատեղ, ինչը հնարավորություն կտա տեղացի աղջիկներին՝ ապրել այնտեղ և նաև փող վաստակել։
Ինչպես խոստացել էինք, Աղավնո հասցրինք վարսահարդարման և մատնահարդարման համար անհրաժեշտ գույք ու պարագաներ, որոնց ձեռքբերման համար գումար փոխանցեցին մեր հայրենակիցները աշխարհի տարբեր վայրերից, իսկ կազմակերպչական աշխատանքն իր վրա վերցրեց «Ձեռք մեկնիր» բարեգործական հկ-ն՝ իմ լավ բարեկամ Նաիրա Ասլանյանի գլխավորությամբ։ Գույքը հանձնեցինք Աղավնոյի տնօրինմանը։ Հենց մենք էլ դարձանք նորաստեղծ սրահի առաջին հաճախորդները։
Աղավնոյի զարթոնքի աշխատանքները իրականություն դառնալուն անգնահատելի ավանդ ունեն համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանն ու դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը։
Պետք էր տեսնել Աղավնոյի բնակիչների ուրախությունը, երբ դու ստեղծում ես հնարավորություն՝ հայրենի գյուղում աշխատելու և բնականաբար՝ արժանապատիվ ապրելու։ Չկա ավելի թանկ բան, քան ձեռք մեկնել հայրենակցին ու հայրենիքին։ Աղավնոն միակը չէ, մեր պարտքն է տեր կանգնել մեր երկրի յուրաքանչյուր կտորին։
Մենք կարող ենք ապրեցնել մեր հայրենիքը, եթե ցանկություն ունենանք, իսկ ցանկության իրականացման համար պետք է սիրենք ու գնահատենք այն, ինչ ունենք։ Ունա՞կ ենք արդյոք զոհաբերել մեզնից մի բան՝ հանուն հայրենիքի, թե՞ պետք է դժգոհենք վատ կյանքից ու անարդարությունից։
Ես ընտրում եմ պայքարը՝ հանուն հաղթանակի, և այդ դեպքում մենք կձգտենք ու կունենանք այն երկիրը, որը զարկված, զրկված ու դավաճանված լինելով՝ մեր, բոլորիս միասնական ջանքերով վերածվելու է հույսի, լույսի ու հաղթանակների հայրենիքի։
Շարունակելու ենք ծառայել մեր հայրենիքին ու հայոց պետականությանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն