ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԿՌՈՒՏԻՏԸ» ՝ «Հրապարակ»

Չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստված մարդիկ փորձել են երկրորդ դեղաչափը ստանալ, նրանց ասվել է, որ պատվաստանյութ չունեն: Պատվաստանյութի բացակայությունը առողջապահության նախարարությունը փորձել է արդարացնել պատվաստվողների թվի աճով ու արտադրական գործընթացով, ինչպես նաև Հայաստան եկող չվերթների սակավությամբ, այսինքն՝ պատվաստանյութ չկա, քանի որ Հայաստան եկող ինքնաթիռ չկա:

«Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթների սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Սինոֆարմ պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ: Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը»,-ասված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Չնայած առողջապահության նախարարության հավաստիացումներին, որ երկրորդ ներարկման ուշացումը որևէ վտանգ չի պարունակում և պատվաստանյութի ազդեցությունը չի նվազեցնում, այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրորդ ներարկման համար ժամկետ է սահմանում 21 օրը, և բոլոր պատվաստանյութերի «ինստրուկցիաներում» կոնկրետ ժամկետ է ցուցված, թե երբ է պետք անել երկրորդ ներարկումը: Եթե ոչ մի նշանակություն չունենար օրը` ցուցումներում օր չէր նշվի: Իրականում` մեզանում բոլոր հարցերում է նման անպատասխանատու վերաբերմունք եւ ամեն նման հարցում փորձում են «կռուտիտով» գլուխներն ազատել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն