Արտակարգ դեպք՝ Արմավիր քաղաքում. բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ի նկատմամբ կատարել ավազակային հարձակում։ Նա դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։  Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Մինչ նրանք դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում` այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։

Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը այս անգամ ժամանել է նշված վայր։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Թողնել մեկնաբանություն