Աստիճանները խոնարհաբար ծնկեցին` հասնելով ցանկալի թեկնածուին:

Այսօր

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՔՊ կուսակցության անդամ, 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա մասնագիտությամբ աստվածաբան է, պատմական գիտությունների թեկնածու, ունի դոցենտի որակավորում: Այս կարգավիճակով իշխանական թեկնածուն չէր կարող լինել ռեկտոր, քանի որ Կառավարության որոշմամբ ռեկտորը պետք է ունենար դոկտորի աստիճան և պրոֆեսորի կոչում, ինչին հասնում են աստիճանաբար: Իհարկե մի քանի ամսվա ընթացքում փորձեցին Հովհաննես Հովհաննիսյանի կոչումները և աստիճաններ բարձրացել, բայց միևնուն է` թեկնածուն տեղ չհասավ։

Իշխանությունը լուծումը գտավ. կախարդական փայտիկի ուժ ստացած պողպատե մուրճը հրաշքներ գործեց։ Ոչ թե թեկնածուն աստիճանաբար բարձրացավ` իր աշխատանքով հասնելով համապատասխան պաշտոնի, այլ աստիճանները խոնարհաբար ծնկեցին` հասնելով ցանկալի թեկնածուին:

Հուլիսի 29-ին կառավարությունը որոշում կայացրեց, որով ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չեն: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետև պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Որոշման մեջ նշված է նաև, որ առաջարկվող փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը: Ստացվում է` փոխվում է կառավարության որոշում, որ ով ուզի ԵՊՀ-ում ռեկտոր աշխատի:

Հիշեցնենք, որ Մայր բուհը շուրջ 4 տարի է ինչ ռեկտոր չունի: Իշխանությունն անում է հնարավոր ամենը որպեսզի տապալի հոգաբարձուների խորհրդի նիստը և ռեկտոր չընտրվի: Մամուլում և նեղ շրջանակներում խոսվում է այն մասին, որՆիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ից վրեժ է լուծում՝ իրեն բուհից դուրս թողնելու համար։ Միևնույն ժամանակ ցանկանում է բուհի կառավարումը վերցնել անմիջական հսկողության տակ:

Կառավարման համակարգից հեռու, պրոֆեսիոնալիզմից զուրկ, բանակում չծառայած, բարձրագույն կրթություն չունեցող և հրապարակում դիպլոմը նվեր ստացածները երկիրը մտցրեցին ՔԱՈՍԻ շրջապտույտ, կանգնեցրեցին պատերազմի ու փլուզման էպիկենտրոնում։ Դժվար է տեսնել մայր բուհի ապագան իշխանական այս ոչ պրոֆեսիոնալ թիմի անդամի ղեկավարման պարագայում։ Աստվածաբանն առաջինը կհարվածի հենց այդ ոլորտին։

 

 

Թողնել մեկնաբանություն