«Այո, նորից եմ կրկնում և հաստատում եմ՝ հայերն այդպես էլ երբեք չկարողացան թշնամի լինել թուրքերին, այնպես, ինչպես թուրքն է վերաբերում մեզ՝ թշնամաբար». Վահե Տեր — Մինասյան

«Այո, նորից եմ կրկնում և հաստատում եմ՝ հայերն այդպես էլ երբեք չկարողացան թշնամի լինել թուրքերին, այնպես ինչպես թուրքն է վերաբերում մեզ՝ թշնամաբար,- ասում է բժիշկ Վահե Տեր -Մինասյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում` պարզաբանելով ավելի վաղ իր արտահայտած միտքը՝ թե. մենք (նկատի ունենալով՝ հայերին) իրականում երբեք էլ թշնամի չենք եղել թուրքերին։

 

Վահե Տեր – Մինասյանը նկատում է՝ զանգվածային լրատվամիջոցներում առավոտվանից ակտիվորեն շրջանառվող և իրեն վերագրված միտքն իրականում խեղաթյուրված է ներկայացվել հանրությանը, այլ կերպ ասած՝ կոնտեքստից կտրված, որը թույլ չի տալիս ամբողջովին և լիարժեք կերպով ընկալել իր արտահայտած միտքը. «Լրատվականներից մեկն իր կայքում տեղադրել էր իմ գրառումը։ Տեքստն ամբողջությամբ իմն է՝ ես եմ դրա հեղինակը։ Սակայն այդ տեքստի վրա այնպիսի մի վերնագիր է դրված, որը 180 աստիճանով փոխում է իմ արտահայտած մտքի իմաստը։ Ամբողջ տեքստից առանձնացնել մի միտք և ոչ ճիշտ ընկալում առաջացնելով տեղադրել որպես վերնագիր, իմ կարծիքով, բարեխիղճ վարք չէ»,- ասում է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

Հարցին՝ ինչպե՞ս է բժիշկը վերաբերում վերջին օրերին լայնորեն շրջանառության մեջ դրված՝ Թուրքիայի հետ, այսպես ասած, բարեկամանալու` իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, Վահե Տեր-Մինասյանը պատասխանում է՝ ինչպե՞ս կարելի է բարեկամանալ մեկի հետ, ով ընդամենր վեց ամիս առաջ «Բայրաքթար»-ով սպանում էր մեզ. «Եթե անգամ ես զուրկ լինեմ պատմական հիշողությունից, հո հա՞վ չեմ, որ չհիշեմ, թե ի՞նչ էր անում Թուրքիան մեզ հետ, սրանից ընդամենը վեց ամիս առաջ՝ իր եղբայր Ադրբեջանի հետ միասին։ Հետևաբար, ինչպե՞ս կարող եմ ես մտածել կամ ասել, թե Թուրքիան մեր թշնամին չէ կամ մենք պետք է հաշտվենք ու բարեկամանանք նրանց հետ։ Ասածս այն է, որ մենք, չգիտես ինչու, խելոք, մի կողմ քաշվածի նման ապրում ենք մեզ համար։ Մենք երբեք Թուրքիայի նկատմամաբ թշնամական վարքագիծ չենք դրսևորել՝ ո՜չ նախկինում, ո՜չ ներկայում։ Թուրքիան է հարձակվել մեզ վրա, Թուրքիան է մեր դեմքին փակել սահմանը և այլն։ Մենք երբեք չենք խառնվել Լիբիայի, Սիրիայի հարցերին, երբեք չենք օգնել Թուրքիայում ապրող քրդերին, մենք չենք պահանջել, որպեսզի մեր ունեցած ՍՈՒ-երը զինվեն հրթիռակոծելու համար անհրաժեշտ տեխնիկայով և, ինչպես Ռուսաստանն է անում, մենք նույնպես՝ համարժեք պատասխան տանք թուրքին, այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ՝ վերջին պատերազմի ընթացքում։ Չեմ հիշում նաև որևէ դեպք, երբ մենք Թուրքիային թշնամի համարվող որևէ երկրի՝ Հունաստանի կամ Սիրիայի հետ, հենց Թուրքիայի քթի տակ, զորավարժություններ իրականացրած լինենք։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ բա մեր թշնամությունն ինչպե՞ս է արտահայտվել Թուրքիայի նկատմամաբ և ի՞նչ հիմքով ենք մենք պատեհ-անպատեհ ասում, թե նրանց թշնամին ենք՝ ֆեյսբուքում ուղղակի ստատուսներ գրելո՞վ ու ամեն տարի՝ ապրիլի 24-ին լացելո՞վ…»,- հռետորական հարցեր հնչեցնելով, ամփոփում է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների թեմային, վիճարկելի մտքերով փորձել վերլուծության ենթարկել երկու երկրների միջև առկա հարաբերությունների որակը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «Մի քանի հարց՝ թուրքն իմ թշնամին է ֆլեշմոբի մասնակիցներին՝ այսինքն ինքներս մեզ։

Ի՞նչ ենք հասկանում թշնամի և թշնամություն ասելով։

Դասական տարբերակում թշնամի երկրները խզում են դիվանագիտական հարաբերությունները և փակում սահմանները։ Ուզում եմ մտաբերել թե ե՞րբ ենք մենք փակել թուրքական սահմանը։ Վայ, փաստորեն մենք չենք փակել, փակել են հենց նրանք, իսկ մենք երեսուն տարի (նախկին և ներկա իշխանությունների օրոք) պատրաստակամություն ենք հայտնում այն առանց որևէ նախապայմանի բացելու…

Թշնամի երկրները, հարմար առիթի դեպքում, միմյանց դեմ ծավալում են ռազմական գործողություններ։ Ուզում եմ հիշել թե ո՞ր երկրում ու ո՞ր պատերազմի ընթացքում ենք գործողություններ իրականցրել թուրքիայի դեմ։ Վայ, փաստորեն թուրքերն են ամենալկտի կերպով վարձու գրոհայիններով, F16-երով ու առնվազն բարձրաստիճան սպայական կազմով մասնակցել իմ երկրի ավերմանն ու մասնատմանը։ Իսկ գուցե վերջին 30 տարում (նախկին ու ներկա իշխանությունների օրոք) մենք պետք է մասնակցեինք թուրքիայի դեմ ռազմական գործողություններին՝ օրինակ Սիրիայում, ուր կարելի էր հաստատ զինել մեր ՍՈՒ–երն ու վարժանքներ իրականացնել թուրք գրոհայինների դեմ կամ օգնել օրինակ քրդերին…

Թշնամի երկրներն իրենց դաշնակիցների հետ կազմակերպում են համատեղ զորավարժություններ։ Ուզում եմ հիշել քանի՞ զորավարժություն ենք կազմակերպել թուրքիայի թշնամիների հետ։ Վայ, փաստորեն թուրքիան է օրը մեջ ադրբեջանի հետ զորավարժություններ կազմակերպում։ Իսկ գուցե վերջին 30 տարում (նախկին ու ներկա իշխանությունների օրոք) մենք պետք է Հայաստանի տարածքում զորավարժություններ կազմակերպեինք Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի կամ Լիբիայի հետ…

Այս ցուցակն անշուշտ կարելի է շարունակել անվերջ։ Անշուշտ, նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կգտնեն բացատրություններ ու արդարացումներ, կասեն, որ մենք փոքր ենք, թույլ ենք ու կներեք` ոչ այնքան համարձակ։ Ու կպարզվի, որ իրականում մենք երբեք էլ (ոչ ներկա, ոչ էլ նախկին իշխանությունների օրոք) չենք եղել թուրքիայի թշնամին ու ներկա իշխանությունը միայն բարձրաձայնում է, այն տխուր իրականությունը, որ ձևավորել ենք վերջին 30 տարում՝ այո, այո, ներկա և նախկին իշխանությունների օրոք։

Թշնամությո՞ւն եք ուզում՝

Երկրից մի՛ արտագաղթեք

Շատ երեխաներ ունեցե՛ք

Ամեն մեկդ Ձեր հնարավորությունների սահմաններում զարգացրե՛ք Մեր երկիրը

Մի ՛գողացեք

Մի՛ թալանեք

Արժանի եղեք մեր զոհված տղերքին

Հ.Գ.

ՖԲ–ում ստատուս գրելով կամ թուրքիայի դրոշը վառելով թշնամություն չեն անում…»,- գրել էր Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան տիրույթում։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն