«Այս իշխանություններն ընդունակ են գաղտնի կերպով վավերացնել պղծություն տարածող Ստամբուլյան կոնվենցիան». քաղաքագետ

«Ստամբուլյան կոնվենցիան, արդեն իսկ, վավերացման փուլում է: Այս կառավարությունն այն կներկայացնի Ազգային Ժողովին, հետո կուղարկեն Սահմանադրական դատարան: Դեռևս հայտնի ստորագրահավաքի ժամանակ կառավարությունն արդեն իսկ ուներ որոշում, որ կոնվենցիան վավերացնելու համար համապատասխան գործընթացներ պետք է սկսի,- «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը, խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին, ինչպես նաև անդրադառնալով դրանից բխող վտանգների թեմային,- ինչ վերաբերում է կոնվենցիայի վտանգավորությանը, ապա դրա մասին լիարժեք տեղեկություն արդեն իսկ տվել է ինչպես Մայր Աթոռը, այնպես նաև փաստաբան և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Սրան գումարած նաև հասարակական բուռն ընդվզումը թույլ չտվեց, որ դեռևս անցյալ տարի կոնվենցիայի վավերացման գործընթացը շարունակվի»:

Հարցին՝ հակասահմանադրական չէ՞ արդյոք Ստամբուլյան կոնվենցիան, ըստ Հայկ Նահապետյանի, կորոշի Սահմանադրական դատարանը, բայց որ այն իր մեջ ներառում է ընդգծված մի շարք կետեր, որոնք հակասում են օրենքներին, փայլուն կերպով ցույց են տվել Փաստաբանների պալատի նախագահն ու Մայր Աթոռը:

Կհաջողվի՞ արդյոք օրվա իշխանություններին փակ, գաղտնի կերպով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես դա արվեց Լանզարոտեի կոնվենցիայի պարագայում, Հայկ Նահապետյանը նկատում է՝ նման վտանգ կա և այն շատ իրական է. «Այս իշխանություններն ընդունակ են գաղտնի կերպով վավերացնել պղծություն տարածող Ստամբուլյան կոնվենցիան, սակայն, կարծում եմ, բոլոր այն կառույցները, որոնք մինչ օրս հաջողությամբ պայքարել են կոնվենցիայի վավերացման դեմ, անպայման համապատասխան կեցվածք կորդեգրեն: Անկախ նրանից՝ ինչ գումարների դիմաց ինչ պարտավորություններ են ստանձնել օրվա իշխանությունները՝ պղծություն տարածող Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար, հասարակական լայն ընդվզում կլինի: Կշահեն իշխանությունները դրանից թե ոչ, սա է հարցը, որ հիմա պետք է անհանգստացնի նրանց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում արտահերթ ընտրություններն են, որին այս իշխանությունները գնում են առանց այն էլ վարկաբեկված և ցածր վարկանիշով: Հետևաբար, ընտրություններին ընդառաջ հասարակական ևս մեկ լուրջ ընդվզում իշխանությունների դեմ, այն էլ այսպիսի հարցի շուրջ, իրենց ոչ թե ձայներ կավելացնի, այլ կպակասեցնի: Հետևաբար, նրանք առնվազն կարճամիտ կվարվեն, եթե ընտրություններին ընդառաջ՝ կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսեն»:

Հայկ Նահապետյանը հավելում է՝ Ստամբուլյան կոնվենցիան կարող է և չընդունվել, բայց այնտեղ ներառված իրավական ակտերը կարող են օրենքի ուժ ստանալ. «Կարծում եմ, այս ժամանակահատվածում իշխանական թևը որոշակի օրենսդրական փոփոխություններ է կատարում՝ կանաչ լույս վառելով կոնվենցիայի վերաբերյալ որոշակի իրավական ակտեր կյանքի կոչելու համար: Մի բան սակայն հստակ է՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պարագայում առաջին հարվածը հասցվելու է ընտանիքի ինստիտուտին: Այսօրինակ կոնվենցիաները, որոնք իբր կանանց կամ երեխաների իրավունքներն են պաշտպանում, իրականում և բուն նպատակով՝ այդ ընտանքիներն այս կամ այն ձևով քայքայելու, երեխաներին ավանդական ընտանիքներից հեռացնելու, ապաստարանների ցանց ստեղծելու և նմանօրինակ այլ երևույթներ օրինականացնելու նպատակ է հետապնդում», -ամփոփելով զրույցը, ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:

Հիշեցնենք, որ «Փաստարկ» լրատվականին ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ  Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը Եվրոպայի Խորհրդից 600.000 եվրո դրամաշնորհ է ստացել և պարտավորվել Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը։

Փաստորեն, ստացվում է, որ մինչև դրամաշնորհային ծրագրի իրականացման ավարտը մնացել է մոտ 4 ամիս։ Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ պղծություն քարոզող կոնվենցիայի ընդունման ուղղությամբ տարվող հիմնական աշխատանքներն ավարտվել են և մնում է անցկացնել միայն դրա վավերացման գործընթացը, ճիշտ այնպես, ինչպես արվեց Լանզարոտեի կոնվենցիայի պարագայում՝ հայ հանրությունից թաքուն, գաղտնի պայմաններում։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն