Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկ) ծննդյան օրն է։
Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին՝ Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում, մահացել՝ 1927թ. օգոստոսի 31-ին՝ Կալիֆոռնիայի Չիքո քաղաքում: 2000թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան՝ ամփոփվելով Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը պահվում են «Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանում:
1. Աստվածաշունչը
Լուսանկարը` Մեդիամաքս
1907 թ.-ի Աստվածաշունչը պատկանել է Զորավար Անդրանիկին: 1926թ. Զորավարն այն նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Սուրբ Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են՝ պայմանավորված որոշակի քաղաքական հարցերով: Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: Կտակարանը 2012թ.-ին թանգարանին է նվիրաբերել ընտանիքի հետնորդներից մեկը:
2. Մկրատը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հայոց ցեղասպանության եւ հայերի տեղահանության ժամանակ Անդրանիկ Օզանյանը հայ գաղթականների խմբի էր ուղեկցում: Մի կին, ում գրկին փոքրիկ երեխա կար, դժվարությամբ էր քայլում: Զորավարը կնոջ գրկից վերցնում է փոքրիկին, նստեցնում իր ձիու վրա: Գաղթականներին ապահով տեղ հասցնելուց հետո նա խուրջինից մկրատ է հանում եւ տալիս այն կնոջը՝ ասելով, որ մկրատը դնի փոքրիկի բարձի տակ, ինչպես ժամանակին ընդունված էր անել շատ հայ ընտանիքներում:
3. Ծխամորճը
Լուսանկարը` Մեդիամաքս
Անգլիայում բուժում ստանալիս Զորավար Անդրանիկն իր ծխամորճը, ի նշան երախտագիտության, նվիրել է բժշկին: Բժշկի ընտանիքը պահպանել է այն, իսկ Երեւան ծխամորճը հասել է ամերիկյան մի կազմակերպության շնորհիվ:
4. Ափսեն
Լուսանկարը` Մեդիամաքս
Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկեր, քաղաքական գործիչ Դանուշ Շահվերդյանը ճաշի է հրավիրվում բանաստեղծի տանը, որտեղ հանդիպում է Անդրանիկ Օզանյանին: Նա նկատում է, որ զորավարի հանդեպ վերաբերմունքն առանձնակի է, նրան անգամ հատուկ ափսեով են ճաշը մատուցում: Օրեր անց Դանուշ Շահվերդյանը նորից է այցելում Թումանյանի տուն եւ բանաստեղծի դստերը խնդրում, որ իրեն հյուրասիրեն այն նույն ափսեով, որով զորավարն էր ճաշում: Այդ օրը քաղաքական գործիչն իր հետ վերցնում է ափսեն ու պահում իր տանը: Տարիներ անց՝ 1995թ. ափսեն Շահվերդյանի ազգականուհին նվիրում է ֆիդայական շարժման թանգարանին:
5. Թուրը
Լուսանկարը` Մեդիամաքս
Անդրանիկ Օզանյանի մարտական թուրը Երեւան է բերվել Բուլղարիայից: Արաբական թուրը 1891թ.-ի է: Այն մասնակցել է Բալկանյան պատերազմին: Թուրը 2000թ. թանգարանը նվեր է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից:
6. Մոխրամանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Թբիլիսիում լույս էր տեսնում «Հայաստան» պարբերականը, որում գաղթականների հարազատները հայտարարություններ էին տպագրում եւ որոնում միմյանց: Թերթի միջոցով նաեւ հանգանակություններ էին կատարում: Ֆիդայական շարժման թանգարանում վերականգնված է թերթի խմբագրությունում Անդրանիկ Զորավարի եւ Հովհաննես Թումանյանի աշխատասեղանը: Դրա վրա ճանճի տեսքով մոխրաման է դրված: Մոխրամանը թանգարանին է նվիրաբերել Կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլի Սարգսյանը, սակայն հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել պրոֆեսորի մոտ:
7. Նագանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նագանը Զորավար Անդրանիկը նվիրել է իր ընկերոջը՝ Պետրոս Հովհաննիսյանին: Տարիներ ի վեր ընտանիքը սրբորեն պահել է հայդուկապետի նվերը: Նագանը թանգարան է հասել Զորավարի ընկերոջ թոռան միջոցով:
8. Շքանշանները
Լուսանկարը` Մեդիամաքս
Ֆիդայական շարժման թանգարանում պահվում են Զորավար Անդրանիկի շքանշանները: Դրանցից են «Քաջության խաչ» (1912թ., Բուլղարիա), Գեորգիեւյան խաչ 4-րդ աստիճան (1914թ., Ռուսաստան), Սբ. Գեորգի (1913թ., Ռուսաստան), «Մարտական փառքի շքանշան (1915թ.): Այս շքանշանները բերվել են Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում գտնվող Բալկանյան պատերազմի թանգարանից:
9. Շեփորը
Լուսանկարը` Մեդիամաքս
Շեփորը Անդրանիկ Օզանյանի գնդինն է եղել: Այն իր մոտ է պահել զորավարի տասնապետերից մեկը՝ Տրդատ Շիրինյանը: Շեփորը թանգարանին է նվիրաբերել տասնապետի բարեկամը:
10. Դաշույնը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Զորավար Անդրանիկը մի քանի օր հանգրվանում է Հովհաննես Թումանյանի Դսեղի տանը: Զորավարը հսկում էր Դսեղի երկաթուղին: Գյուղի բնակիչները նրան դաշույն են նվիրում, որը պահպանվել է եւ հասել Ֆիդայական շարժման թանգարան:
«Զորավար Անդրանիկ» ֆիդայական շարժման թանգարանի հասցեն է՝ Կաշեգործների փող., 231 շենք
Հեռախոսահամարը՝ (+374 10) 44-02-05
Աղբյուրը` Mediamax.am