Բայդեն-Էրդողան հանդիպման առանցքում կան վիճահարույց հարցեր

Բրյուսելում երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը։ BBC-ի տեղեկացմամբ՝ օրակարգում Ռուսաստանն ու Չինաստանն են, ինչպես նաև կիբերսպառնալիքների հանդեպ հակազդումը։ Կարևորվում է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահի հետ հանդիպումը։ Բայդենն այս կարևոր հարցը կքննարկի դաշինքի՝ իր գործընկերների հետ։ Իսկ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հունիսի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է․ «Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանին, ապա Բայդենն ու Էրդողանը երկկողմ հանդիպում կունենան Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ առկա է բազմաթիվ հարցերով օրակարգ՝ կապված Արևելյան Միջերկրածովի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի հետ, ինչպես նաև այն դերի, որը Թուրքիան կշարունակի խաղալ Աֆղանստանում դիվանագիտության և բանակցությունների ոլորտում»։

Հունիսի 14-ին Ջո Բայդենն առաջին անգամ նախագահի կարգավիճակում հանդիպում է նախագահ Էրդողանին։ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները սառել են՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի պատմությունից հետո։ Երկու երկրներն ունեն հաղթահարելու բազմաթիվ վեճեր, որոնցից շատերը ծագել են մինչ Բայդենի իշխանության գալը։

Վաշինգտոնը 2020թ․ դեկտեմբերին՝ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտին, պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության նկատմամբ, չեղարկեց ամերիկյան ժամանակակից՝ F-35 ռազմական կործանիչների վաճառքի պայմանագիրը։ Դա նաև նվազեցրեց թուրքական ընկերությունների դերը , որոնք արտադրում էին նույն ինքնաթիռի մասերը՝ թեպետ նրանցից որոշները շարունակեցին արտադրել, քանի որ այլընտրանքային արտադրողներ չկային։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն