Բազմափորձ զինվորակա՞նը, թե՞ պատերազմի ժամանակ անհայտ ուղղությամբ հեռացածը։ Ու՞մ կընտրի սահմանամերձ Տեղ համայնքը

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ։

«Փաստարկ» լրատվականը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել վտանգված Սյունիքը։ Այս ընտրությունները ևս կլինեն մեր դիտակետում։

Ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու՝ «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղալունցը և «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը, ով նաև Արավուս համայնքի ղեկավարն է։

«Փաստարկ» լրատվականը զրուցել է Արգամ Հովսեփյանի հետ, ով ասաց․

«26 տարի ղեկավարել եմ Արավուս համայնքը, որը համայնքների խոշորացումից հետո մտել է Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ։ Իմ պաշտոնավարման տարիներին կարողացել եմ լուծել գյուղի ջրամատակարարման, գազաֆիկացման և լուսավորության խնդիրները»։

Հովսեփյանը ավարտել է Գորիսի պետական համալսարանը։ 30 տարի եղել է զինվորական հրամանատար, մասնակցել է Արցախի համար մղված 3 պատերազմներին։

«Այս պահին Տեղ համայնքից թշնամին օկուպացրել է 65հա տարածք»,- պատմեց Արգամ Հովսեփյանը։

Ամիսներ առաջ Սյունիքի հենց այս հատվածում ադրբեջանցի զինվորականներն արգելում էին բնակիչներին մշակել դաշտերը, ինչպես նաև  գերեվարել էին հովվին, ում հաջողվեց վերադարձնել Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի և զինվորականների ջանքերով։

«Ինձ ու զինվորներին հաջողվեց իրենց հետ խոսելով, բանակցելով վերադարձնել հովիվին, նրա ձին և տեղացիներից գողացված ընտանի կենդանիները»,- հարցին ի պատասխան ասաց Արավուսի գյուղապետը։

Հովսեփյանի միակ մրցակից «ՔՊ» ներկայացուցիչ Դավիթ Ղուլունցը 2021թ սեպտեմբերի 24-ին նշանակվել է Տեղ համայնքի ղեկավարի ԺՊ։ Ղուլունցը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, 46 տարեկան: Համայնքում ունի մթերային խանութ։

Ի տարբերություն 30 տարվա փորձառությամբ զինվորական Հովսեփյանի` Ղուլունցը բանակում չի ծառայել: Տեղի բնակիչների խոսքերով` նա չգիտի, թե ինչ է «դիրքը»։ Նշենք նաև, որ Ղուլունցը չունի բարձրագույն կրթություն, բայց դրա փոխարեն ունի բնակարան և բիզնես Երևանում։

Իսկ որտե՞ղ են եղել մրցակիցները 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Փաստարկ» լրատվականին հաջողվեց ճշտել, որ Արգամ Հովսեփյանը պատերազմին մասնակցել է` առաջին օրն իսկ մեկնելով Արցախ, իսկ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդի Դավիթ Ղուլունցը պատերազմը սկսվելուն պես հեռացել է համայնքից, սակայն պատերազմի դաշտ չի մեկնել։

Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ մենք այլևս չպետք է խաղանք «մուկն ու կատու»։ Յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը պետք է լինի հայտնվել ու աշխատել այն տեղում, որտեղ նա կարող է ծառայել հայրենիքին առավելագույնը։

Ի՞նչ է անելու զինվորական գործից պատկերացում չունեցող համայնքապետը, եթե հանկարծ տեղի ունենա թշնամու հարձակում սահմանամերձ Տեղ համայնքի վրա։ Ինչպե՞ս է կանգնեցնելու թշնամու առաջխաղացումը։ Թե՞ Արցախյան վերջին պատերազմի պես անհետանալու է անհայտ ուղղությամբ։

Տեղ համայնքի բնակիչն այսօր կանգնած է գոյության ընտրության առջև։ Ապրել ու արարել հայրենի հողի վրա՞, թե՞ դառնալ հավերժ գաղթական։

Տեղը ապրելու շատ լավ տեղ է։ Հոգ տարեք մեր հայրենիքի մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն