Այս օրերին հասարակական-քաղաքական դաշտում տիրող իրավիճակը երբեմն հիստերիայի ալիքի տպավորություն է թողնում: Ռուսաֆոբիայի կամ հակառուսական արշավների տեսարանները, մեղմ ասած, զզվանք են առաջացնում, և դա դեռ ինձ մոտ: Ուզում եմ հասկանալ, մարդիկ, ովքեր այս աստիճան նսեմացնում են իրենց, միաժամանակ, ցավոք սրտի` հայ ազգին, մտածո՞ւմ են, թե ինչ են անում: Իրենց թվում է, թե ՌԴ-ն իրենց թատրոնի կարի՞քն ունի թե՞ փորձում են խցկվել ՌԴ-ի հետաքրքրության դաշտ` հավաքելով քաղաքական դիվիդենտներ:
2021 թվականի ընտրությունների ժամանակ էլ շատ կուսակցություններ և դրանց ներկայացուցիչներ փորձ արեցին քծնանքի և նսեմանալու ճանապարհով խցկվել այդ դաշտ … ստացվե՞ց: Եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվելու նաև հիմա։ Ռուսաստանին իրականում դաշնակից է պետք, ոչ թե հարճ:
Տասնյակ տարիներ ՀՀ իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի հայաստանը դրձնեն ՌԴ-ի կցորդը: Քանդեցին, ավերեցին, քամուն տվեցին այն ամբողջ կարողությունները, որով ՀՀ-ն դուրս եկավ Սովետական միության կազմից: Եղածը պահպանելու, զարգացնելու փոխարեն վատնեցին, մսխեցին ամեն բան, ցաք ու ցրիվ արեցին ՀՀ ընդերքը, արժեքները, որպեսզի զրկեն Հայաստանին ինքնիշխանությունից` թողնելով միայն կցորդի կարգավիճակը:
Այս գործընթացի մասնակիցը կամ լուռ վկան են եղել մարդիկ, ովքեր այսօր հայրենասեր են խաղում։ Տիրապետելով շատերիս համար անհասանելի, անտեսանելի տեղեկույթի` նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել` փորձանքը կանխելու համար: Բոլորը փախցրել են ինչ կարողացել են, որքան տեղավորվել է իրենց շերեփի մեջ, տեսել են միայն սեփական շահը և առաջնորդվել բացառապես դրանով։ Ու նրանք այսօր հայրենասե՞ր են խաղում։
Բայց այսօր խոսենք առավել կարևորի մասին: Նախկիններ, նախկինների կցորդներ, մնացորդներ, վերարտադրվածներ, ծպտվածներ, խոնավություն քաշածներ, հանցավոր համագործակցության մասնակիցներ՝ մեկիդ մտքով անցե՞լ է, որ կարելի էր Հայաստանի Հանրապետությունը դարձնել այնպիսի պետություն, որի հետ շահեկան կլիներ դառնալ դաշնակից: Մեկիդ մտքով անցե՞լ է, որ կարելի էր արտաքին քաղաքականությամբ ձևավորել Հայաստանի համար շահեկան այնպիսի դիրք, որ նրա հետ բանակցեին որպես հավասար հավասարի, ոչ թե որևէ մեկին հաճոյանալու և փեշի տակ մտնելու մոլուցքով տարված երկիր: Մտքներովդ երբևէ անցե՞լ է, որ, արտաքին քաղաքական հարթակում ոտաբոբիկ ու մերկ հայտնվելով, մեր պետությունը դարձրել եք ծիծաղի առարկա։
Մտքներովդ անցե՞լ է, որ «կցորդ» պետությունն, իր խնդիրներով ու մերկությամբ, առաջին հերթին բեռ է, հաճախ` ավելորդ բեռ: Իսկ «հարց լուծող» պետություններն առաջին հերթին զբաղվելու են իրենց խնդիրներով, սպասարկելու են իրենց շահերը` անգամ այդ «կցորդի» հաշվին։
Մտքներովդ անցե՞լ է, որ «կցորդ» պետությունը չի կարող ունենալ շահեր և հարկադրված է սպասարկելու իրեն «տիրություն անող» պետության շահը:
Հետո էլ զարմանում ենք, որ մենք լսելի չենք, մեր խնդիրներին չեն անդրադառնում, մեզ չեն հարգում: Կշտամբում եք բոլորին, որ մեզ չօգնեցին կամ` ուշ օգնեցին: Իսկ դուք, որպես պետության պատասխանատուներ «ձեզ» օգնե՞լ եք, մեր պետության շահերը սպասարկել ե՞ք, ազգային անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր ձեռնարկե՞լ եք։
Դուք անկեղծորեն մտածում եք, որ ինքներդ ձեր` ի պաշտոնե պարտականությունները չկատարելու մեջ իրավունք ունեք մեկ այլ երկրի ղեկավարին մեղադրելու՞։ Դուք անկեղծորեն կարծում եք, որ միայն «ռուսի սապոգը» հաբուրելու համար ձեզ պետք է մեծարե՞ն:
Ո՞վ է խորանհվողին մեծարում, ո՞վ է «սապոգ համբուրողի» հետ հաշվի նստում:
Երբ հզորանալու պոտենցիալով օժտված մի ամբողջ պետություն ճզմեցիք այնքան, որ ուղղվելու հնարավորություն չունենա, խոնարհեցիք ամբողջ աշխարհի ոտքերի տակ, անկեղծորեն կարծում էիք, որ ձեզ նկատելու՞ են:
Ո՛չ նկատելու են, ո՛չ էլ` հարգելու: Հույներդ չդնեք փողոցներում կազմակերպված խամաճիկների թատրոնի վրա:
Այս ամենից ազատվելու, այս ամենից վեր կանգնելու համար` «ԱՐՈՐԴԻՆԵՐ» պահպանողական կուսակցությունն իր առջև նպատակ է դրել`
- կասեցնել Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի կցորդ դարձնելու ակտիվ գործընթացները
- Հայաստանի Հանրապետությունը դաշնակցային հարաբերություններում դարձնել վստահելի գործընկեր, ուժ և ազդեցություն ունեցող պետություն
- Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ ու գրավիչ` ներդրումների ու հայրենադարձության համար
Միայն մեր ներքին և արտաքին հավասարակշռված քաղաքականության դեպքում մենք կարող ենք լսելի և ընդունելի լինել արտաքին աշխարհի համար:
Մեր զենքը «շերեփը» կամ «մուրճը» չեն։ ՄԵՐ ԶԵՆՔԸ ՍՈՒՐՆ Է, որը պետք է մշտապես պատրաստ լինենք գործի դնել` Հայաստանին սպառնացող թեկուզև ամենափոքր սպառնալիքի դեպքում։
Միայն «շերեփային» քաղաքանակությանը վերջ դնելով կարող ենք հասնել ազգակենտրոն մեր նպատակներին:
Հ.Գ Հայաստանը եղել և մնալու է իր տեղում։ Մենք գնալու տեղ, ցանկություն և նախնիներից ավանդած պատգամ չունենք։ Մենք պետք է անենք առավելագույնները, որ բոլոր ճանապարհները բերեն դեպի Հայաստան: