Բժիշկներն էթիկան առանց հրամանի չե՞ն պահում. փաստաթուղթ

ՀՀ Կառավարությունը 2022 թվականի փետրվարի 17-ին որոշում է ընդունել «ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։

Ողջունելով որոշումը` շատ կցանկանայինք, որ նշված դրույթները ոչ թե թղթի վրա մնան, այլ կյանքի կոչվեն։

Գեղեցիկ ձևակերպումներ են տրված «Մարդու արժանապատվությունը հարգելու» բուժաշխատողի պարտավորություն մասին, սակայն, իրական կյանքում, բազմաթիվ բուժաշխատողներ հեռու են  ոչ միայն բժշկական էթիկայի այլ նաև մարդկային էթիկայի նորմերից։

«Փաստարկ» լրատվականը պարբերաբար ստանում է ահազանգեր և բողոքներ այն մասին, որ այս կամ այն պոլիկլինիկայում պացիենտներին ստիպում են ժամերով սպասել, նրանց հետ խոսում են բղավելով, արհամարհանքով, հրմշտելով։ Բողոքներ ենք ստանում նաև շտապօգնության բուժանձնակազմի վարքից։ Մասնավորապես քաղաքացիները նշում են, որ բժիշկն անգամ պացիենտին չի զննում, դեմքին չի նայում և հայտարարում է, որ «իր հիվանդը չի»։

Հետաքրքիր շղարշ է ձևավորվում նաև այն բժիշկների շուրջ, ովքեր, ամսեկան որոշակի գումար ստանալով պետությունից (ըստ լրատվականի աղբյուրների` 2000 դրամ յուրաքանչյուր դեպքի համար), մարդկանց համոզում կամ «պարտադրում են» պատվաստվել Հայաստանում Չգրանցված պատվաստանյութերով։ Արդյո՞ք սա էթիկայի ու բժշկության նորմերի կոպտագույն խախտում չէ։

«Հոգատար լինել պացիենտի նկատմամբ և գործել նվիրումով՝ պացիենտի առողջությունն ամրապնդելու կամ վերականգնելու, վերջինիս կյանքը և դրա որակը պահպանելու համար»,- գրված է փաստաթղթի մեջ։

Հիպոկրատյան այս պարզ ճշմարտության մասին հավանաբար մոռացել են «քովիդ վերակենդանացման բաժանմունքներում», որտեղ մուտք գործող (և հաճախ` կենդանի դուրս չեկող) հիվանդների բազմաթիվ հարազատներ բողոքում են իրենց հիվանդին «անտերության մատնելու», «սոված թողնելու», «մրսացնելու», «կապտացնելու» և այլ հակաբժշկական ու հակաէթիկ արարքների մեջ։ Իսկ թե ինչ դեղամիջոցներով են բուժում մարդկանց այդ բաժանմունքներում, «ոչ ոք չգիտի»։ Սա՞ է ժամանակակից ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Տեսնենք թուղթն ու թանաքը կդառնա՞ն իրականություն, թե՞ այս փաստաթուղթն էլ է դառնալու «ընդդիմադիր բժիշկներին պատժելու գործիք» իշխանությունների ձեռքում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն