«COVID-19-ի հետևանքով մահացած անձանց դիահերձման արգելքը կհանվի, օրենքի նախագիծը մշակման փուլում է». Առողջապահության նախարարի խորհրդական

Ավելի քան մեկ տարի, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիուսային վարակով պայմանավորված համաճարակը, կարծես վերջնական նահանջի հնարավորություն դեռևս չունի։ Ավելին, Առողջապահության նախարարությունը վերջերս հայտարարեց վիրուսի բռնկման նոր տեմպերի մասին, հայտնելով, որ, համաճարակի տեմպերով պայմանավորված, հանրապետությունում կարող են նոր խստացումներ մտցվել։

Վիրուսի ահագնացող տեմպերով պայմանավորված` ըստ ՀՀ կառավարության 23 օգոստոսի 2012 թվականի N 1082-Ն «Ախտաբանաանատոմիական հերձումների, ներառյալ պարտադիր կարգով իրականացվող հերձումների անցկացման» որոշման 5-րդ ենթակետի, որով պայմանավորված, հերձումից հրաժարվելն արգելվում է, պետությունն, այնուամենայնիվ, որոշում ընդունեց մասնավորապես վարակիչ հիվանդությունների կամ դրանց կասկածի առկայության դեպքում պարտադիր համարվող հերձումների մասին օրենքում փոփոխություն մտցնել։

Այնուհետև որոշում կայացվեց կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերում արգելել ախտաբանաանատոմիական դիահերձումները, որոշումը հիմնավորելով, հավանաբար, անվտանգ և միջազգային չափորոշիչներին համապատասխան դիահերձարանների բացակայությամբ։ Հայտնի է սակայն, որ առանց լիարժեք դիահերձման, ինչպես նաև ախտորոշիչ, բուժական և կազմակերպչական գործառույթների մասին լիարժեք դատողությունների, հնարավոր չէ, մահվան պատճառների վերջնական և ճշգրիտ արդյունքներ գրանցել։

Ինչո՞ւ COVID-19-ի հետևանքով մահացած անձանց շրջանում արգելվեցին ախտաբանաանատոմիական դիահերձումները, այն պարագայում, երբ մինչ ՀՀ ԱԺ-ի կողմից դիահերձումներն արգելող օրենքի ընդունումը ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7 մահվան դեպք։ Արդյո՞ք վերոհիշյալ դիակների պարագայում հերձում կատարվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ փոփոխություններ են հայտաբերվել, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է խախտվել օրենքի` պարտադիր դիահերձում պահանջող կետը։

«Փաստարկ» լրատվականի հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարի՝ ախտաբանության գծով խորհրդական, «Արաբկիր» բժշկական համալիրի Հանրապետական մանկական պաթանատոմիային կենտրոնի տնօրեն Հասմիկ Զաքարյանը.

  • Տեղյակ չեմ COVID-19-ի հետևանքով մահացած անձանց դիահերեձումն արգելող օրենքին նախորդած մահվան ելքով 7 անձանց հետ կապված դեպքերի մանրամասներին։ Ենթադրում եմ, որ դրանով դատաբժշկական փորձաքննությունն է զբաղվում։ Ամեն դեպքում, դա այնպիսի սուր ինֆեկցիայի տեսակ էր, որի պարագայում հերձման ռիսկերն ու վտանգները դեռևս ուսումնասիրված չէին։ Ավելի քան վստահ եմ, որ վերոհիշյալ դեպքերի առնչությամբ գործը դատաբժշկական փորձաքննության է գնացել և դրա պատասխանները ձեզ կարող է տրամադրել այդ կառույցը։

  • Այնուամենայնիվ, ինչո՞ւ COVID-19-ի հետևանքով մահացած անձանց շրջանում օրենքով արգելվեցին ախտաբանաանատոմիական դիահերձումները։

  • Ինչ վերաբերում է հերձել – չհերձելու օրենքին՝ ապա չպետք է մոռանանք, որ այս հիվանդությունը նոր է և այն չափազանց մեծ խուճապ էր առաջացրել ազգաբնակչության լայն շրջանակներում։ Եթե հիշում եք՝ բժշկական աշխարհն էլ իր հերթին նորմալ չէր կողմնորոշվում հիվանդության հարցում։ Այլ կերպ ասած, հիվանդությունը դեռևս ուսումնասիրված չէր և ամենակարևորը, դեռ պարզ չէր՝ տվյալ պարագայում դիակից վարակման մեխանիզմն կա՞ր, թե՞ ոչ։ Շատ հնարավոր է, որ այդ ժամանակահատվածում դիահերձարաններում աշխատող անձնակազմը՝ դիահերձող բժիշկներն ու սանիտարները կարող էին վարակվել, դրանից հետո կարող էին վարակվել նաև հոգեհանգստին մասնակցող հարազատները և այլն։ Քանի – որ այդ ամենը լավ ուսումնասիրված չէր և, կարելի է ասել, այդ հիվանդության հետ կապված գրեթե ամեն ինչ մեծ հարցականի տակ էր, պետությունը գերադասեց գնալ չարյաց փոքրագույնի ճանապարհով՝ չհերձել և վերջ։

  • Հիմա, երբ հիվանդության ի հայտ գալուց ավելի քան մեկ տարի է անցել, այս հարցում որևէ փոփոխություն կամ առաջընթաց մեր բժշկական համակարգը գրանցե՞լ է։

  • Մենք՝ պաթոլոգներս, մեր արդեն նախկին գլխավոր մասնագետի հետ, ուզում էինք մտնել այդ ռիսկային գոտի։ Արդյունքում, եթե մենք չլինեինք առաջինը, ապա հաստատ կլինեինք, գոնե, նրանցից մեկը, ովքեր կհասկանային, թե ինչ է կատարվում COVID-19-ի արդյունքում վրա հասած մահվան ժամանակ կամ հերձումից հետո որոշ բաներ կհայտնաբերեինք, ինչպես նաև՝ չէր լինի այն խառնաշփոթը, որ տեղի ունեցավ մահվան առաջին դեպքերի առնչությամբ։ Հիշում ենք, թե ինչպիսի անհեթեթ դեպքեր գրանցվեցին, որի միակ պատճառը, կարծում եմ հենց խառնաշփոթն էր։

  • Ինչո՞վ էր պայմանավորված այդ խառնաշփոթը, միթե՞ հնարավոր չէր համակարգված կատարել աշխատանքը։

  • Հիմնական պատճառը կայանում էր նրանում, որ աննախադեպ մեծ թվով մահվան առկայության պարագայում COVID-19-ի հետևանքով մահացած անձանց դիակները կուտակվել էին ընդամենը երկու տեղում՝ Աբովյանի և Կենտրոնի դատաբժշկական փորձաքննության դիահերձարաններում, ինչը դժվարացնում էր դիակի տրամադրումը հարազատին հասցնելու գործընթացը։

  • Այնուամենայնիվ, այս հարցում որևէ դրական զարգացման միտում կա՞։

  • Այո, շնորհիվ նոր նախարարի նախաձեռնության, բոլորովին վերջերս, Աղվերան քաղաքում շատ հետաքրքիր քննարկում եղավ, որի ընթացքում անդրադարձ եղավ նաև COVID-19-ի հետևանքով մահացած որոշ անձանց հարազատների կողմից բարձրացված անհանգստությունների թեմային։ Ուսումնասիրելով միջազգային փորձը և տեղյալ լինելով, որ դիակից վարակում կամ որևէ նման տիպի վտանգ չկա, իսկ դիահերձումն, այս պարագայում, կարող է և՛ ինֆորմացիայի ստացման և՛ բուժման սխեմայի ուսումնասիրության առումով բավականին հետաքրքիր լինել` ամեն դեպքում, մենք առաջարկեցինք դիահերձումներ կատարել։

  • Նկատի ունեք՝ օրենքում կարող է փոփոխությո՞ւն կատարվի։

  • Այո, հիմա օրենքի նախագիծը մշակման փուլում է։

  • Որքա՞ն է հավանականությունը, որ օրենքը կընդունվի։

  • Կարծում եմ, որ հավանականությունը շատ բարձր է, որովհետև նախարարն ինքը՝ դրական է տրամադրված այս հարցի առնչությամբ։

  • Ճի՞շտ եմ հասկանում, որ օրենքի փոփոխության հիմքն, այնուամենայնիվ, միջազգային փորձն է։

  • Այո, մենք հենվել ենք միջազգային փորձի վրա։

  • Իսկ չե՞ք կարծում, որ օրենքի ընդունունից հետո, COVID-19-ի հետևանքով մահացած շատ ու շատ անձանց հարազատներ կարող են բողոքի մեծ ալիք բարձրացնել, հատկապես նրանք, ովքեր դեմ են եղել առանց դիահերձման իրենց հարազատին հուղարկավորելու պետության կողմից պարտադրված որոշմանը։

  • Այո, համամիտ եմ, բողոքի ալիք կլինի, բայց առանց այդ էլ արդեն կան որոշ թվով մարդիկ, ովքեր մինչ այսօր բողոքարկում են COVID-19-ից մահացած իրենց հարազատի մահվան պատճառներն ու հանգամանքերը։ Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ օրենքի փոփոխության հետ միաժամանակ կթույլատրվի բողոքող անձանց արտաշիրիմում կատարելու թույլտվության տալ։

  • Այսինքն, սա իր հետ նաև նոր օրենքների վերանայման անհրաժեշտություն և՞ս կառաջացնի։

  • Կարծում եմ այո։ Մենք արտաշիրիմում կատարելու վերաբերյալ օրենք ունենք, թեև օրենքի փոփոխության հարցում վստահ չեմ, մանավանդ, որ սա ավելի դատաիրավական, այսինքն՝ դատաբժշկական ոլորտին առնչվող հարց է։ Նորից եմ կրկնում՝ ինքս դեմ եմ եղել դիահերձման արգելքի մասին օրենքի ընդունմանը, որովհետև կարծում էի՝ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը՝ դիահերձելու COVID-19-ի արդյունքում մահացած անձանց, գուցե կարողանայինք ինչ- որ բաներ հայտնաբերել և կանխել երկրորդ, երրորդ ալիքի բռնկումը։ Բժշկագիտության տեսակետից առհասարակ դիահերձումը կամ դիակի ուսումնասիրությունը հյուսվածքաբանական մակարդակում, այնուհետև կլինիկոմորֆոլոգիական վերլուծությունները ու դրանց համադրությունները միշտ դրական արդյունք են տալիս։

  • Տիկի՛ն Զաքարյան, մեր ունեցած դիահերձարանները բավարարո՞ւմ են համապատասխան չափանիշներին՝ այնտեղ COVID-19-ի արդյունքում մահացած անձանց դիահերձում կատարելու համար, որքան էլ դուք արդեն նշեցիք, որ վերոհիշյալ պրոցեսը, ըստ միջազգային փորձի, վարակաբանական տեսակետից որևէ լուրջ վտանգ չի սպառնում։

  • Իհարկե ոչ բոլոր դիահերձարաններն են համապատասխանում այդ չափանիշներին, թեև մենք ունենք և՛ մասնագետներով, և՛ տեխնիկապես շատ լավ հագեցված դիահերձարաններ նույնպես։ Կարծում եմ, օրենքի ընդունման պարագայում, Առողջապահության նախարարությունում պետք է COVID-19-ի արդյունքում մահացած անձանց հերձման չափորոշիչ ընդունվի, հաշվի առնվի և՛ դիահերձարանի հագեցվածությունը, և՛ դրանց կադրային, տեխնիկական, օդափոխության համակարգերի, դիակների պահպանման սենյակների, ինչպես նաև՝ սանիտարահիգիենիկ նորմերի և անձնակազմի համապատասխանելիությունը։ Ամեն դեպքում, անկախ նրանից՝ COVID-19-ի արդյունքում մահացած անձանց դիահերձման պրոցեսը ինչքանով անվտանգ կամ վտանգավոր է, այդ աշխատանքները պետք է կատարվեն միայն պատշաճ և ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Կարծում եմ, այս ամենի հետ մեկտեղ, անհրաժեշտություն կլինի ունենալ նաև ինֆորմացիոն հարթակ, որտեղ կհավաքագրվի COVID-19 վարակի հետ կապված ողջ ինֆորմացիան։ Այսինքն, մենք ձեռքի տակ ստատիստիկ տվյալների հստակ բազա կունենանք, ինչն, իմ կարծիքով, շատ կարևոր և անհրաժեշտ բան է։

  • Որպես COVID-19 դրական մահեր, հետևաբար առանց դիահերձման, փակ դագաղներում հարազատներին հանձնվող դեպքեր են դիտարկվում միայն դրական թեստով դեպքերը։ Սակայն, անհասկանալի է, որ դրական IgM-ով, թոքերի ռենտգեն կամ կոմպյուտերային հետազոտությամբ հայտնաբերված վիրուսային թոքաբորբով, բայց բացասական թեսթով մարդիկ դիտարկվել են որպես «ոչ կորոնավիրուսային» և դիահերձվում են որպես ախտաբանաանատոմիական մահեր: Արդյո՞ք այս դեպքերն իրենցից համաճարակաբանական վտանգ չեն ներկայացրել:

  • Ո՛չ, բացարձակ, որովհետև նման դեպքերում երբեք որևէ տեսակի վարակի բռնկումների դեպքեր մեզանում չեն գրանցվել։

  • Այն դեպքերում, երբ անձը, դրական COVID-19 թեսթով մահացել է տանը, արդյո՞ք դիահերձում կատարվել է։

  • Ո՛չ, որովհետև երբ նման դեպքերում հարազատները զանգահարում են «Շտապ օգնության» ծառայություն, այնտեղից անպայման COVID-19-ի վերաբերյալ հարցում են կատարում և, եթե այն առկա է, անմիջապես հատուկ համազգեստով և պարկերով դիակային բրիգադ է ժամանում, և դիակը տեղափոխվում է COVID-19-ով մահացածների համար նախատեսված դիահերձարան, որտեղ, ինչպես արդեն ասվեց, դիահերձում չի կատարվում։

  • Եթե անկեղծ լինեք, արդյո՞ք կորոնավիրուսային վարակի աճի տեմպերը, ժամանակ առ ժամանակ, ձեզ մանիպուլացիա չեն հիշեցնում։ Օրինակ, շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ և ինչպե՞ս պատերազմի օրերին վարակը, հանկարծ, կտրուկ աճի տեմպեր գրանցեց, կապիտուլացիոն ակատից հետո այդ մասին, կարծես, ոչ ոք ոչինչ չէր ասում, հիմա, չգիտես ինչու, այն նորից ակտիվացել է…Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում կորոնավիրուսային վարակի աճի հաճախ անտրամաբանական այս միտումները։

  • Ինչ վերաբերում է հատկապես պատերազմի օրերին վարակի գրանցած աճի միտումներին, ապա այստեղ, կարծում եմ, պատկերը ավելի քան պարզ է՝ մենք զինծառայողների հազարավոր մահեր ունեցանք, որոնց համար նախատեսված հոգեհանգստի արարողություններին, արդեն, շատ շատերն, ուղղակի չէին պահպանում հակահամաճարակային կանոնները։ Մեր հայրենակիցները հայրուրներով հուղարկավորության և հոգեհանգստի կարգերի էին մասնակցում և, հասկանալի պատճառներով, ոչ ոք, կարծես այդ ընթացքում վարակի մասին չէր մտածում, ինչը դրա տարածման և աճի պատճառ դարձավ։ Երկրորդ պատճառը, որով այս վարակը, հատկապես, աճի միտումներ գրանցեց, հենց պատերազմի օրերին այն էր, որ կորոնավիրուսային վարակն, իսկապես, կապված է մարդու հոգեբանական վիճակների հետ։ Այսինքն, այս վարակի թիրախում հեշտությամբ կարող են ընկնել հատկապես ընկճախտի և բարդ հոգեբանական վիճակների մեջ հայտնված մարդիկ, որոնց իմունիտետն այդ պատճառով արդեն իսկ թուլացած է։ Թե ի՞նչ էր կատարվում մեր ազգաբնակչության հետ պատերազմի օրերին, կարծում եմ ավելորդ է ասել։ Հետևաբար, ես սխալ եմ համարում և չէի ցանկանա վարակի տեմպերը որևէ կերպ կապել մանիպուլացիոն հնարքների հետ։

  • Լավ, ուզում էի հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին ժամակներում վիրուսի աճի նկատելի տեմպերը, տիկի՛ն Զաքարյան։

  • Կարծում եմ կապ ունի եղանակային կտրուկ փոփոխությունների և սեզոնային բռնկումների հետ։ Սրան նպաստում են նաև ալերգիկ ֆոնը, քամիները, փոշին և այլն։ Չմոռանանք նաև անգլիական նոր շտամի մասին։ Այս վիրուսն, այնուամենայնիվ, մոդիֆիակցման հակում ունի և, հարմարվելով տեղական բուժումներին, կլիմային սխեմաներին, այն ավելի վտանգավոր է դառնում։ Այս ամենով հանդերձ, ուզում եմ շնորհակալություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարող մեր բժիշկներին, ովքեր վիրուսի բռնկման առաջին իսկ օրերից մինչ այսօր, հատկապես կովիդ-կենտրոնների վերակնեդանացման բաժանմանունքներում, ուղղակի հերոսությամբ են կատարել և կատարում իրենց աշխատանքը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն