Դարդանելի կամուրջը Թուրքիայի բրենդերից մեկն է. Էրդողան

Էրդողանը ծանոթացել է Դարդանելի վրայով կախովի կամրջի կառուցման աշխատանքներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ծանոթացել է Դարդանելի վրայով կախովի կամրջի կառուցման աշխատանքներին։ Նա Դարդանելի վրայով անցնող կախովի կամուրջն անվանել է զարգացող Թուրքիայի ևս մեկ ապրանքանիշ (բրենդ): Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Եվրոպան Ասիայի հետ կապող նոր կամրջի կառուցումն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության՝ «կառուցել-կառավարել-փոխանցել» մոդելով։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

«Մենք մտնում ենք մի շրջան, երբ Թուրքիայում հատվում են ցամաքային, օդային, երկաթուղային և ծովային երթևեկությունը։ Մեր նեղուցներն առանձնահատուկ տեղ են գրավում համաշխարհային առևտրում։ Դրանց նշանակությունը գնալով մեծանում է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայի կողմից իրականացվող հերթական մեգանախագծի վրա։

«Դարդանելի կամրջի հետ մեկտեղ մենք վճռական ենք իրականացնելու սերունդների ևս մեկ երազանք՝ Ստամբուլի ջրանցքը: Արհեստական ​​ջրային ճանապարհը մետրոպոլիայի տարածքում կդառնա հերթական հեղափոխությունը, որը Թուրքիան կանի»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը անհեռատեսություն է անվանել Անկարայի հակառակորդների հայտարարությունները Բոսֆորի այլընտրանքի անիմաստ լինելու մասին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ տեխնոլոգիական զարգացումը եղել և մնում է ժամանակակից Թուրքիայի զարգացման առաջնահերթություններից ու հիմքերից մեկը։

Այնուհետև, թուրք առաջնորդի ներկայությամբ սկսվել է կամրջի բացվածքի վերջին մասի տեղադրումը, որը կոչվում է «Չանաքքալե 1915», ի պատիվ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զավթիչների նկատմամբ թուրքական բանակի տարած պատմական հաղթանակի։

Չանաքքալե 1915 կամուրջ

Կամուրջի շինարարությանը մասնակցում է 649 ինժեներ և 5095 բանվոր։

Կամրջի բացվածքի 87 մասերից յուրաքանչյուրը կշռում է 700 տոննա՝ լայնությունը՝ 45 մետր, երկարությունը՝ 48 մետր։

Նոր կամուրջը, որը կառուցվում է 2017 թվականի մարտի 18-ից, կունենա աշխարհի ամենաերկար կենտրոնական բացվածքը՝ 2023 մետր: Թվերը պատահական չեն, դրանք հիշեցնում է «Թուրքիայի զարգացման նախագիծ 2023»-ը, որի նպատակն է Թուրքիան ներառել համաշխարհային տնտեսական տերությունների տասնյակում։

 

Կառուցվող կամրջի կենտրոնական բացվածքը պետք է գերազանցի ներկայիս համաշխարհային ռեկորդը՝ Ճապոնիայի Ակաշի-Կայկյո կամրջի բացվածքը, որը կազմում է 1991 մետր:

Կենտրոնական բացվածքն ապահովող կամրջի աշտարակների բարձրությունը ավելի քան երեք հարյուր մետր է։ Կամուրջը կունենա 3,7 կմ երկարություն և կդառնա Մալկարա-Չանաքքալե մայրուղու 101 կմ-ի կարևոր օղակը։ Աշտարակների միացումները և կամրջի տարրերը ներկվելու են կարմիր և սպիտակ ՝ թուրքական դրոշի գույներով։

Դարդանելի վրայով վեց գոտի (յուրաքանչյուր ուղղությամբ երեքական) կախովի կամրջի ընդհանուր երկարությունը կհասնի 4608 մետրի:

Կամուրջի շնորհիվ Դարդանելի վրայով ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մինչև 6 րոպե։

Նախագծի իրականացումը կստեղծի այլընտրանքային և ավելի կարճ ճանապարհ Ստամբուլից դեպի երկրի` Էգեյան ծովի շրջան։

Նոր տրանսպորտային երթուղին զգալի ներդրում կունենա զբոսաշրջության զարգացման գործում, կհեշտացնի ապրանքների մատակարարումը Թուրքիայի արևմուտքից և հյուսիս-արևմուտքից, ինչպես նաև կհեշտացնի փոխադրումները Ասիայի և Եվրոպայի միջև։

 

Դարդանելի վրայով կախովի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի մարտի 18-ը։ 1915 թվականի այս օրը Չանաքքալեի ճակատամարտի ժամանակ թուրքական հրետանին վերջնականապես ջախջախեց անգլո-ֆրանսիական միացյալ նավատորմը, որը փորձում էր հասնել Ստամբուլ։

Այս իրադարձությունը դարձավ ճակատամարտի առանցքային պահերից մեկը, որը թույլ տվեց Թուրքիային պաշտպանել իր անկախությունը և պահպանել վերահսկողությունը Բոսֆորի և Դարդանելի վրա։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն