Այսօր Սահմանադրական դատարանում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման մասին դիմումների քննության ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հրատապ միջնորդություն ներկայացրեց։
Նա նշեց, որ միջնորդության հիմքում դնում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված նախընտրական սպառնալիքները չմնացին օդում և դարձան իրականություն։
Դավիթ Հարությունյանը մեջբերեց փաստաբան Երեմ Սարգսյանի գրառումը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։
«ՍԴ-ին ներկայացնում ենք հետևյալ խնդրանքը, նախ ոստիկանությունից անհապաղ պահանջել քրեական ոստիկանության վարչության շենքի մուտքի արտաքին և ներքին տեսախցիկներով արված տեսաձայնագրությունները, երկրորդ՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ ուժ կիրառելու ողջ տեսաձայնագրությունը, երրորդ՝ տեղեկություններ, թե երբ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը և երբ է ավարտվել։
Միաժամանակ միջնորդում եմ ԿԸՀ-ից պահանջել հետևյալ 5 փաստաթղթերը՝ առաջինը Մխիթար Զաքարյանին ձերբակալելու թույլտվության վերաբերյալ ԿԸՀ որոշումը, եթե այն կա, քանի որ մեր տեղեկություններով այն չկա։ Երկրորդը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին ԿԸՀ որոշումը, երրորդը՝ կալանավորման մասին համաձայնության վերաբերյալ արված միջնորդությունը, չորրորդը՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշումը և դրա հիմք ծառայած միջնորդությունը։ Խնդրում եմ, որ այս միջնորդությունը դատարանի կողմից քննարկվի անհապաղ, որովհետև չի բացառվում, որ վաղը հանկարծ պարզվի, որ ոստիկանության մուտքի և ելքի տեսախցիկները պահպանում են տեսաերիզը ընդամենը օրինակ 1 ժամ կամ 1 օր»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հետաքրքրական է, որ իշխանություններին անգամ չի կաշկանդում ՍԴ-ում ընթացող դատական պրոցեսը և նրանք, առանց ժամ կորցնելու, սկսել են իրականացնել նախընտրական սպառնալիքները։