Եթե ռազմական գործողությունները շարունակվեն մինչև ձմեռ, տարածքների վերադարձը գնալով դժվարանալու է. Երմակ

Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու ռազմի դաշտում. եթե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ նվաճողական պատերազմի ակտիվ ռազմական գործողությունները ձգձգվեն մինչև ձմեռ, տարածքների ազատագրումը գնալով ավելի դժվար կդառնա։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա ավելի ու ավելի դժվար կլինի վերադարձնել մեր տարածքները»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակը 100 տոկոս տարածքների ազատագրումն է։

Նրա խոսքով՝ Ուկրաինան և դաշնակիցները «քննարկումները կկենտրոնացնեն մինչև ձմեռ փակուղուց դուրս գալու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու վրա»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարն արևմտյան գործընկերներին կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ դեօկուպացիայի գործընթացն արագացնելու համար։

Նա կրկնեց, որ «մենք երբեք զիջումների չենք գնա մեր անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության առումով»։

Հուլիսի 21-ին Երմակն արդեն զգուշացրել էր. «Չպետք է թույլ տանք, որ ռուսները մեզ ձմեռ տանեն»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն