Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

Սոցցանցերում շրջանառվում է «Գորիս-Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ճանապարհով քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին» հուշագրի պատճենը, որի կետերից մեկի համաձայն ադրբեջանական կողմն «իրացնում է ճանապարհի տվյալ հատվածի օգտագործման իր իրավունքը»։

Սա, ըստ էության, մեր ճանապարհի այն հատվածի մասին է, որտեղ այսօր տեղակայված է ադրբեջանական անցակետը և ամբողջական վերահսկողություն է իրականացնում մեր և իրանից եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Շրջանառվում է նաև, որ հուշագիրը, 2020-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել են այդ օրերին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի և ադրբեջանի ՊՆ նախարարները։

Եթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել։

Սա անհապաղ պետք է հաստատեն կամ մերժեն ՀՀ ՊՆ-ից։
Սա պետք է նաև անհապաղ դառնա ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության առարկա՝ պարզաբանումներ ներկայացնելով խնդրի առնչությամբ։

Այնուամենայնիվ, այս օրերին տարօրինակ սինխրոնությամբ տվյալ վայրերի ադրբեջանահունչ անուններն է հնչեցնում նիկոլ փաշինյանը։ Իսկ, մի շարք բնակավայրերի առնչությամբ, ալիևը՝ հղում անելով հայկական կողմին, բարձրաձայնում է, որ հայկական կողմը հաշտ է և համոզված, որ դրանք մերն են։

 

 

Թողնել մեկնաբանություն