Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը, ապա հանձնաժողովի նախագահն ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից. ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների  քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ:

Ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել ԱԺ ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով են քվեարկում նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն