Ֆրանսիան և Գերմանիան վախենում են Ուկրաինայի ռազմական հզորությունից. քաղաքագետ

Գերմանիան և Ֆրանսիան մտադրված խոչընդոտում են Ուկրաինայի մուտքը Եվրամիություն և ՆԱՏՕ, որովհետև վախենում են Կիևի ռազմական հզորությունից։

Այս անակնկալ տեսակետն է հայտնել «Ուկրաինա-24» հեռուստաալիքին Ուկրաինայի գլոբալ ռազմավարության ինստիտուտի տնօրեն Վադիմ Կարասևը։

«Գերմանիան և Ֆրանսիան այսպես են խորհրդածում․ եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի, Եվրամիության անդամ, իսկ Ուկրաինա գումարած Լեհաստան, Լիտվա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Բուլղարիա, Սլովակիա, Հունգարիա, այսինքն՝ողջ Արևելյան Եվրոպան կգերակայի բնիկ Արևմտյան Եվրոպայի հանդեպ»,- հայտարարել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝այդ հեռանկարը չի համապատասխանում Բեռլինի և Փարիզի շահերին։ Փորձագետը պարզաբանել է, որ մերձբալթյան և բալկանյան պետությունների հետ համեմատած՝ Ուկրաինան իր բնակչության թվով և նշանակալի ռազմական հզորությամբ մեծ երկիր է։

Կարասևը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքում արևելյան թևը կդարձնի հակագերմանական, քանի որ արդեն կան տարաձայնություններ արևմտյան երկրների, լեհերի և Բալթյան երկրների միջև։ Նրա կարծիքով՝հակասությունների հատուկ թեժացում կլինի «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարության ավարտից հետո։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ՝ Կիևում Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմմոնսը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին  սկզբունքային տեսակետից վաղուց որոշված հարց է, սակայն դրա համար դեռևս պահպանվում են որոշակի խոչընդոտներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն