ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» հակասահմանադրական օրենքը

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարություն են տարածել, նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։ Կրթության ոլորտի երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը նախագահը դեռևս չի ստորագրել։

ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրենքի փոփոխությամբ ԲՈւՀ-երի հանրային խորհրդի 9 անդամներից 5-ը պետք է լինեն համապատասխան նախարարության ներկայացուցիչներ: Այսինքն` լիազոր մարմինը նշանակում է ոչ միայն կառավարման խորհրդի կեսից ավելին, այլև կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել իր կողմից նշանակված անդամների լիազորությունները՝ այսպիսով լրիվ կախվածության մեջ դնելով իրենից:

Կառավարման խորհրդի ձևավորման կարգն ուղղակիորեն ազդում է նաև ռեկտորի ընտրության վրա։ Օրենքում առկա կարգավորման համաձայն` հանրային բուհի ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը, այսինքն` հանրային բուհի ռեկտորին կարող են ընտրել լիազոր մարմնի կողմից նշանակված կառավարման խորհրդի հինգ անդամները, ինչի արդյունքում ռեկտորը ոչ թե ընտրվում է կառավարման խորհրդի կողմից, այլ փաստացի նշանակվում է լիազոր մարմնի կողմից, իսկ ընտրությունը պարզապես իրավական ֆիկցիա է։

Ստացվում է, որ հանրային բուհերն ամբողջությամբ և առանց վերապահումների կախվածության մեջ են դրվում քաղաքական իշխանություններից։

Ինչպես ԵՊՀ-ն, այնպես նաև ԳԱԱ-ն հայտնում են՝ հայտարարությունը բաց է գիտակրթական կազմակերպությունների և կառույցների միանալու համար:

Հեղինակավոր կրթական կառույցների տարածած հայտարությունն ամբողջությամբ՝ ստորև։

http://www.ysu.am/news/hy/Joint-statement-of-YSU-and-National-Academy-of-sciences-of-RA?fbclid=IwAR3UJEKCpNN53Rbp9nBhC3-LlFWKFLNcQ9HUucHT4D2LJhk22dUPI8tmcc4#.YGrC-uMCPck.facebook

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն