«Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական բաժնի պետի տեղակալներն ազատման դիմում են գրել

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսական բաժնի պետի տեղակալները երեկ ազատման դիմում են ներկայացրել և հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
Սիրելի՛ ընկերներ, երկար է, բայց` կարդալու արժանի:
Մաս 1. Ներածություն.
Որպես արժանապատիվ, սկզբունքային քաղաքացիներ` ես ու իմ ընկեր (այս դեպքում նաև` գործընկեր) Spartak Arzumanyan-ը որոշեցինք դադարեցնել մոտ 15 տարվա մեր գործունեությունը Հայաստանի խոշորագույն կազմակերպությունում` «Գազպրոմ Արմենիա»-ում: Ֆինանսական բաժնի պետի տեղակալների պաշտոնից հրաժարվելու պատճառը հստակ շարադրված է ազատման դիմումի մեջ` Ընկերությունում կադրերի նշանակման, առաջխաղացման և մոտիվացման հարցերում ոչ օբյեկտիվ մոտեցումները:
Մրցակցային մասնավոր կազմակերպությունում եթե նման բան տեղի ունենար, դա մեծ քննարկման հարց չէր լինի. ի վերջո շուկան է թելադրողը, եթե իհարկե աշխատանքային օրենսդրություն չես խախտել: Բայց իրավիճակն այլևս հանրային է, քանզի «Գազպրոմ Արմենիա»-ն օրենքով հանրային կազմակերպություն է, հանդիսանում է բնական մենաշնորհ, գործունեությունն էլ կարգավորվում է պետության կողմից:
Ինչու՞ են երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերը հեռանում մի Ընկերությունից (ընդ որում, վերջին շրջանում հաճախակի են այդ դեպքերը), որտեղ կայուն նվիրվածությամբ աշխատում են տարիներ շարունակ, ձեռք են բերում լավ ընկերներ, մասնագիտական կապեր ու հարմարավետ աշխատանքային միջավայր։ Պատճառը կառավարման համակարգն է։
Մաս 2. Մենեջմենթի բացերը.
Հեծանիվ հորինած չեմ լինի, եթե ասեմ, որ ետսովետական (ռուսական) մենեջմենթը, մեղմ ասած, անարդյունավետ է։ Դրան գումարում ես կազմակերպության մենաշնորհային դիրքը շուկայում ու նաև այն փաստը, որ կազմակերպության միակ բաժնետերը իրավաբանական անձ է, որի ամենամեծ բաժնետերն էլ` այլ երկրի կառավարությունն է։ Արդյունքում ստանում ես կառավարման տեսանկյունից բավական զգայուն կազմակերպություն։ Ու ես մնում եմ իմ այն կարծիքին, որ հանրային կազմակերպություններում օրենքով պետք է ներդվի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ և վերջինիս վերահսկողությունը պետք է տրվի պետությանը (ինչևէ, շատ չխորանամ)։ Հակառակ դեպքում կազմակերպության կառավարումը կմնա բացառապես ընթացիկ ղեկավարների հայեցողությանը։
Օրենսդրական բացի պատճառով «Գազպրոմ Արմենիա»-ում էլ է այդպես եղել մշտապես։ Նախկին ղեկավարների կառավարչական բարձր որակի շնորհիվ կառավարման վերը նկարագրված մոդելի բացերը քողարկվում էին։ Ձևավորվել էր կուռ կորպորատիվ թիմ, որի առանցքը պրոֆեսիոնալիզմն էր:
Իսկ այժմյան մենեջմենթը, որը հիմնված է կորպորատիվ (այս պարագայում նաև` հանրային) շահի նկատմամբ անձնականի գերակայության վրա, բնականաբար ծնում է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են օրինակ մարդկային ռեսուրսների կառավարման մեջ ոչ պրոֆեսիոնալիզմի, խտրականության դրսևորումները, ընտանեկան կլանների (հայր, որդի, հարս, քենակալ…), անպատժելիության մթնոլորտի ձևավորումը…
Այսպիսով, ավարտեցի ինձ համար հարազատ դարձած կազմակերպության ‹‹թոփ›› մենեջմենթի մասին ողջ ճշմարտությունը պատմելը։
Մաս 3. Անձնական.
Ինչպես արդեն նշեցի, որոշումս կայացրել եմ ինքնուրույն. մարդը եսասեր է, երբեմն արատավոր երևույթները չտեսնելու համար դիմում է ամենահեշտ քայլին՝ աչքերը փակելուն, հեռանալուն։ Ավելի հարմար աշխատանք գտնելն ինձ համար օրերի հարց է, և ես բաց եմ նոր ու հետաքրքիր աշխատանքային առաջարկների համար: Իսկ մինչ այդ լիքը գործ կա. կշարունակեմ զբաղվել սիրելի աշխատանքով իմ հարազատ ԵՊՀ-ում, առաջ տանել կամավոր հասարակական նախաձեռնություններս, մի փոքր ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս…
Բայց միևնույն է, մակաբույծներին չեմ ներելու պարզ պատճառով. մենք նույն արժեհամակարգը չունենք։ Ես ու իմ ընկերները մեր երկրում ամեն ժամ արժեք ենք ստեղծում, իսկ նրանք մեր ընթացքն են միայն դանդաղեցնում։ Օրինակները շատ են, բայց մի պարզ օրինակ. այս հրապարակումը գրելու փոխարեն մի կարևոր պրոյեկտի վրա ժամանակ կներդնեի, այն դեպքում, երբ նրանց հրամցրել են այս տեքստը, իսկ իրենք դժկամությամբ, ալարկոտությամբ, սովետական չինովնիկի անհոգ ու ինքնահավան որդու կիսագրագետ հայացքով հայերեն տառերը հազիվ իրար կապելով՝ փորձում են հասկանալ ողջ իմաստը… Ինչևէ, թող առողջ լինեն։
Իսկ գաղափարակից բազմաթիվ ընկերներիս նաև մեծ հաջողություն եմ մաղթում: Մեզ դա օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որովհետև մենք մեր աշխատանքով ենք մեր երկրում բան փոխելու: Սա է բոլորիս առաքելությունը, և փորձություններից նահանջելու ու վճռականությունը թուլացնելու շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ:

Թողնել մեկնաբանություն