Գիշերը սպանել են «Քանաքեռցի Տույին» և ևս 3 «քրեական հեղինակության». shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում` գրում է shamshyan.com-ը։

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Դեպքի վայր ժամանակ ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ ներկաների, պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  թիվ 1  համալսարանական  հիվանդանոց  է ընդունվել Քանաքեռի բնակիչ 19-ամյա  Գևորգ Ջաբոյանը։ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի  16  տան բնակիչներ 61-ամյա Արտուշ Սիմոնյանը՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ,  Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Բորյանը` «Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, Արթուր Պետրոսյանը` «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտրոոշմամբ:

Պարզվել է՝ տեղում մահացել են  Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն»  էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա  Արայիկ Խաչատրյանը:

Հիվանդանոցում Ա. Բորյանն ու Ա. Սիմոնյանը, գիտակցության չգալով, մահացել են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և  6-րդ կետերի  և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն