Գորիս-Կապան ճանապարհը սոսկ ասֆալտ չէ. «Փաստարկ» լրատվականի պատասխանը Վահան Քերոբյանին

«Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ բան չանենք, զբաղվենք մենակ այդ մի ճանապարհով և չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնե՞նք։ Ես ասում եմ, որ պետք է այդ բոլոր խնդիրները լուծել, բայց բացի այդ խնդիրները լուծելուց, գոյություն ունեն նաև շատ այլ խնդիրներ, որոնք ևս պետք է լուծել»,- կառավարության նիստից հետո այսպես խոսեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական անցակետում իրանական բեռնատարների վարորդների ստուգմանն ու հարկմանը։

Տեսնես ի՞նչ այլ կարևոր խնդիրներ կան լուծելու, քան միջպետական առևտրաշրջանառության ուղի հանդիսացող ճանապարհի զավթումը թշնամու կողմից։ Երկրի տնտեսության համար պատասխանատու նախարարը Հայաստան-Իրան բեռնափոխադրման համար գործածվող միակ ճանապարհի փաստացի չաշխատելուց ավելի կարևոր ի՞նչ խնդիր ունի լուծելու։

Այո՛, պարո՛ն Քերոբյան, իշխանությունը և հատկապես տնտեսության պատասխանատուն պետք է չքնի, չշնչի, բայց աշխատի ճանապարհի բացման համար: Քանի դեռ ամենակարևոր խնդիրը՝ ճանապարհի բացումը, չի լուծվել, ձեր քաղաքական թիմը պետք է զբաղված լինի միայն դրանով։ Իսկ գուցե գիշեր-ցերեկ մտածում եք, թե ինչպե՞ս գյուղացու աճեցրած բերքը մթերեք, բայց դա էլ չեք կարողանում լուծել: Հա, կռահեցի, հավանաբար չեք շնչում ու մտածում եք, թե ինչպե՞ս զբոսաշրջիկ բերեք եվրոպաներից, եթե դրանք Հայաստանը նորից սև ցուցակ են մտցրել՝ կորոնավիրուսի պատճառով:

Հայաստանի քաղաքացիների համար Գորիս-Կապան ճանապարհը սոսկ ասֆալտ չէ, որին սիրում եք փռել ընդդիմախոսներին, այլ կյանքի, անվտանգության ու անկախության ճանապարհ է: Եթե Իրանից Հայաստան բեռնափոխադրումների դադարեցման վտանգը տեսանելի չէ, ապա տնտեսական զարգացումն ինչի՞ հաշվին եք նկարելու։ Արցախից սննդամթերքի ներկրումը գերթե դադարել է, քանի որ ձեր իշխանությունը մի ստորագրությամբ Քարվաճառը և պարենով հարուստ այլ տարածքներ հանձնել է թշնամուն: Հիմա գնաճն ինչպե՞ս եք կառավարելու, եթե ներկրման հոսքերը դադարեն։ Հիմա տնտեսական ներդրումները հորդելո՞ւ են, թե՞ գաղտագողի սողալու են ադրբեջանական հենակետի կողքով։ Իսկ գուցե մտածում եք, որ շրջանցիկ ճանապարհ եք կառուցելու և հարցը դրանով լուծելո՞ւ եք: Այդ դեպքում ինչպե՞ս եք լուծելու ճանապարհից դուրս մնացող ու արդեն սահմանամերձ դարձած գյուղերի խնդիրները: Թե՞ կարծում եք, որ այդ գյուղերի բնակիչները Հայաստանի տնտեսության զարգացմանն օնլայն են մասնակցելու:

Մի հատ հարցում արեք ձեր կիրթ քիրվային՝ գուցե հուշի, որ այդ գյուղերն էլ ադրբեջանական անվանումներ ունեն, ուղղակի մեր քաղաքացիները դրա մասին դեռ չգիտեն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն