Գուցե իշխանությունը որոշի մի օր էլ լրագրողների՞ վրա հարձակվել և ծեծի ենթարկել. Վահե Մակարյան

ԱԺ իշխող խմբակցությունը որոշել է սահմանափակել լրագրողների աշխատանքը։ Այս պահին արդեն գործում են սահմանափակումներ, որոնք անկախ Հայաստանում երբեք չեն եղել։

Ներկայումս ՊՊԾ գնդի աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան ԱԺ պատգամավորների սենյակներին, հանգիստ տեղաշարժվեն ԱԺ միջանցքներում, ինչպես եղել է նախկինում։

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը, շուրջ 10 տարի է, ինչ լուսաբանում է ԱԺ նիստերը, պատգամավորներին տվել է իրեն և հանրության հուզող հարցեր, որոնք այնքան էլ հաճելի չեն եղել իշխանություններին։ Սակայն Վահեն նկատում է, որ հանգիստ է աշխատել, տվել իրեն հուզող հարցերը և ստացել պատասխաններ։ «Հիմա փակված է ԱԺ «Լաչինի միջանցքը» (լրագրողներ են այդ միջանցքն այդպես անվանում, այն կապում է հին և նոր մասնաշենքերը), մենք չենք կարողանում հանգիստ տեղաշարժվել, միջանցքի մի կեսով կարելի է անցնել, իսկ մյուսով՝ ոչ, քանի որ ՊՊԾ գնդի աշխատակիցները կանգնած են և արգելում են մեզ։ Ասում են, որ իրենց սահմանափակումներով նախատեսվում է գրադարանի տարծքում մեզ տեղ հատկացնել, ուղիղ հեռարձակում ապահովել։ Ասում են նաև, որ իշխանական պատգամավորներին կուղարկեն` մեր հարցերին պատասխանելու համար։ Այդ ինչպե՞ս են ամեն օր 77 հոգու ուղարկելու։ Իսկ եթե ես ցանկանում եմ էքսկլուզիվ նյութ անել, ինչպե՞ս անեմ»,- հարցնում է Վահե Մակարյանը։ «Եթե իշխանությունն իր պատգամավորին ուղարկում է հարցազրույց տալու, ապա այս պարագայում լրագրողական համայնքը պետք զբաղվի նաև այդ պատգամավորների շահերի պաշտպանությամբ։ Հնարավոր է չէ՞, որ պատգամավորը չի ցանկանում հարցազրունց տալ, ինչպե՞ս են ուղարկում»։

ԱԺ ղեկավար կազմն ասում է, որ այդպես անվտանգային խնդիր են լուծում, արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեսյանն էլ հայտարարեց, որ չգիտեի, թե լրագրողի կերպարի տակ ով կարող է թաքնված լինել։ Իսկ իշխող թիմը օրինակ է բերում Նաիրի Հունանյանին։

Վահե Մակարյանը հակադարձում է․ «Անհաջող օրինակ է, բոլորս էլ գիտենք, թե Հունանյանն ինչ առաքելությամբ էր ԱԺ եկել։ Իշխող թիմն ուզում է ավելի կոմֆորտ պայմաններում հողեր հանձնել, ինչն իրենց քաղաքական թիմի մոտ հաջողությամբ ստացվում է։ Նրան չեն ուզում, որ լրագրողներն իրենց հարցնեն՝ ինչո՞ւ Արցախը հանձնեցիք, ինչո՞ւ եք Սյունքը հանձնում, իսկ հետագայում գուցե Տավու՞շը և այսպես շարունակ։ Իրենք անվտանգային խնդիր չունեն, իսկ լրագրողներն իրոք մտածելու բան ունեն՝ գուցե իշխանությունը որոշի մի օր էլ լրագրողների՞ վրա հարձակվել և ծեծի ենթարկել, ինչպես մի քանի անգամ արել է ընդդիմադիր պատգամավորի հետ,-  եզրափակեց լրագրողը՝ հույս հայտնելով, որ լրագրողկան համայնքը միահամուռ ուժերով կպայքարի իր իրավունքների պաշտպանության համար և անգամ նույնիսկ փոքր զիջումների չի գնա։

 

 

Թողնել մեկնաբանություն