Հարգանքի արժանիներին անարգում են անարժանները

Երեկ վաղ առավոտյան, իրենց որդիներին շուրջ 7 ամիս փնտրող ծնողները, փակեցին Հերացի փողոցը։ Հավաստում էին, որ Առողջապահության նախարարության ցուցակներում անճշտություն կա՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների մարմինները չգիտես ինչպես ավելացել են մոտ 200-ով: Ըստ անհետ կորածի հարազատի դրանք կենտրոնում հայտնվել են անհայտ ճանապարհով, մտավախություն ունի, որ ինչ-ինչ պայմաններում պահված, թաքցված մարմիններ կան.

«Մարմիններն ի հայտ են գալիս: Կոնկրետ մեկ օրվա ամսաթվով եղել են ֆիքսված թվեր, հիմա դրանցում գալիս է մոտ 200 մարմնի անճշտություն: Այսինքն մոտ 21 մարմին Արցախի կողմից եկել է մտել է Հայաստան, մնացած 200 մարմինը Գորիսով, Ղափանով ա եկել, տարել են մի տեղ պահել են: Ամեն մի մարմին ունի իր կոդը: Այդ կնոջ ամուսնու մարմին կոդը եղել է 567: Ես էլ զանգել եմ Արցախից ճշտել եմ, որ այդ օրը բերել են ընդհամենը 21 մարմին, այսինքն եթե գումարում ենք իրար, ստացվում է 588 մարմին։ Բայց այդ նույն ամսաթվով կա մարդ` ում երեխային հուղարկավորել են 749 կոդով, դա ոնց ստացվեց, ուր կորան այդ 200 հոգին: Գնում ենք ստուգենք, այդ մասունքները հատ առ հատ հաշվենք, որ վաղը չասեն՝ հոպ 200 հոգու մարմին էլ հայտնվեց: Իրանք դրան էլ են պատրաստ տանեն, գիշերով մի տեղ թաղեն երեխեքին, կարևորը չտան, որ իրենց կեղտը ջրի երես չհելնի, բայց արդեն ուշ է, հելել է, ժողովո՛ւրդ»,- նշեց անհետ կործի հայրը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ նման բան գոյություն չունի: ԱՆ-ն հայտնում է, որ 200 հավելյալ մարմնի մասին խոսք չի կարող լինել. «Մեր կողմից ինչ հնարավոր է անում ենք, հաշվի ենք առնում այդ մարդկանց խոցելի լինելու հանգամանքը»,- նշեց ԱՆ խոսակն ու ասաց, որ հարազատների հուզականությունից օգտվելով՝ նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անընդունելի է: Այսինքն՝ նախարարության խոսքում կարծես նշվում է, որ ծնողներին ուղղորդում են, իսկ թե ովքեր և ինչ շրջանակների մասին է խոսքը Հռիփսիմե խաչատրյանը չի մեկանբանում:

Օրվա երկրորդ կեսին մամուլում հայտնվեց մի լուսանկար, որում երևում է, որ Աբովյան քաղաքի հակատուբերկուլոզային հիվանդանոցի դիահերձարանում հերոսների դիներն են՝ տոպարակներով փաթաթված և հատակին մեկը մյուսի վրա լցված: ԱՆ հաստատեց՝ մեր տղաներն են, բայց ամբողջական մարմիններ չեն, այլ մասունքներ և որոշեց ընդառաջել ու տեղափոխել դրանք սառնարան՝ նշելով նաև, որ ծնողները չեն գալիս դիրեը վերցնելու:

Այսօր էլ զոհերի հարազատներից ներողություն խնդրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը. «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնն արել է հնարավորը` դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացն ապահովելու համար: Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ` արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքներն արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունն արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին»:

Նման երևույթը խիստ բացասական է գնահատում «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, ով հիշեցրեց՝ դեռ վաղուց է հայտարարել, որ այս թրքամետ իշխանությունները պատրաստվում են խաղ խաղալ՝ օգտագործելով մեր զոհերին և գերիներին. «Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 11-ին ահազանգեցի, որ մեծ թվով զոհեր ունենք, անգամ հաշվարկ արեցի, որ մեր զոհերի թիվը կարող է հասնել 15 հազարի, սակայն դեռ հրապարակվել էր 2-3 հազար զոհի մասին տեղեկատվություն: Հետո ստացանք տեղեկատվություն, որ դիակները պահվում են «Սպայկա» ընկերության սառնարաններում: Աբսուրդային հանգամանքն այն է, որ այդ սառնարաններում պահվում էին ոչ միայն հայ զինծառայողների դիեր, այլև թշնամու զինծառայողների դիեր, իսկ սառնարանների աշխատանքի համար ծախսված էլեկտրաէներգիայի համար վճարում է ՀՀ քաղաքացին»,- նշեց Մարինա Խաչատրյանը և հավելեց, որ ԱՆ պարզաբանման մեջ իր ուշադրությունը գրավել է մի հանգամանք, որում նշվում է, որ այս դիերն արդեն ճանաչվել են.«Փաստորեն, ԱՆ-ն մեղադրում է զոհերի հարազատներին, թե չեն գալիս իրենց երեխաներին տանեն և հուղարկավորեն: Մենք հասկանում ենք չ՞է, որ աբսուրդ հայտարարություն է և ԱՆ-ի հերթական սադրանքն է կամ մեղքն ուրիշի վրա գցելու սովորությունը»,- նշեց ՀԿ նախագահը, ով նաև ասաց, որ պնդում է ՝ պարկերում դիեր են, ոչ թե մասունքներ, բայց մասունքների հետ էլ այդպես չեն վարվում:

Արդյունքում ունենք, իրավիճակ, երբ հայրենիքը պաշպանելիս զոհվածների մարմինները հատակին է պահվում, քանի որ դրանց համար տեղ չկա, սառնարանները չեն աշխատում։ Լուսանկարի հրապարակումից հետո միայն տեղ գտնվեց սառնարաններում, խոսվեց 200` չգիտես թե որտեղից հայտված դիրերի մասին։

Մեր տղաները զոհվել են նաև այդ մարդկանց կյանքը պաշտպանելու համար, ովքեր իրենց պաշտպանների դիերը առանց խղճի խայթի «տեղավորել են» նկուղներում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն