Հարուցվել է քրեական գործ, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ճանաչվել է տուժող

« Օրս սկսվեց Արաբկիրի քննչականում։ Ճանաչվեցի քրեական գործով տուժող։ Քննչականի տեղն էլ իմացա։ Եթե ինձ մեկը 3 տարի առաջ ասեր, որ օրվա պրոդուկտիվությունը չափելու եմ իրավապահների հետ շփումներով, չէի հավատա…»,-  իր ֆեյսբուքյան էջում գրում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Էլիբեգովայի փաստաբան Միքայել Շխիմյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես հայտնել էր. «Հիշում եք ադրբեջանագետ Ա.Էլիբեգովային «հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամի կողմից պետական  դավաճանության մեջ մեղադրելու փաստի կապակցությամբ հաղորդում էինք ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին, որը քննության առնվելով որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին, որն էլ բնականաբար մեր կողմից բողոքարկվել էր դատախազին… Եվ ահա այսօր, Էլիբեգովան սուտ մատնության հոդվածով (ՀՀ քր. օր. 333հ 2մ 1կ) հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվեց տուժող!!!

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Հեղափոխության պահապաններ» խմբակին, որի անդամներից Վահե Խանդիլյանը, «Գագիկ Սողոմոնյան ֆոյք էջի բացահայտման կապակցությամբ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ԱԱԾ հրավիրելուց հետո կատարել էր գրառում. «ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են ենթարկվել» (գրառման բովանդակությունը չի փոխվել, ճտկվել են միայն ուղղագրությունն ու շարահյուսությունը` տեքստն ընթեռնելի դարձնելու համար)։

Թողնել մեկնաբանություն