Հարյուրավոր շնաձկներ հասել են Ֆլորիդա` ջրիմուռներից փրկվելու համար (տեսանյութ)

Հարյուրավոր շնաձկներ հասել են Ֆլորիդա` ջրիմուռներից փրկվելու համար։ Պարզվում է` այդ ջրիմուռները գիշատիչների համար թունավոր նյութեր են պարունակում։

Ֆլորիդայի Longboat Key-ի ափամերձ հատվածը ներկայանում է գեղատեսիլ ջրանցքներով և ծոցերով: Տեղացիները սովոր են վայելել այս խաղաղ տեսարանը: Բայց վերջին օրերին տեղի բնապատկերը ոչ միայն տարակուսանքի մեջ է գցել քաղաքաբնակներին, այլև վախեցրել:

Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր շնաձկներ լողացել են դեպի քաղաքային ափ` հայտնում է Nature World News-ը: Buttonwood ծովածոցի տարածքում նկատվել են թիակաձև, սև, բեղավոր, կիտրոնագույն և այլ շնաձկների վտառներ։

«Նախ, նկատում եք ջրից դուրս եկող լողակներ: Հետո նայում եք ջրանցքով վար ու տեսնում, որ ավելի ու ավելի շատ շնաձկներ են մոտենում։ Մտածում ես. «Շատ վատ է»,- տեղաբնակների տիպիկ արձագանքն է նկարագրում Ջոն Վագմանը։

Քաղաքացիները զանգերով հեղեղել են տեղի բնապահպանական ծառայություններին, երբ վերջապես փորձագետները բացատրեցին իրավիճակը: Առավել հավանական է, որ շնաձկներ ստիպված էին լքել իրենց բնակատեղիները`  «կարմիր» մակընթացության պատճառով: Այդպես են անվանում ջրի ծաղկումը, որն առաջանում է ծովային դինոֆլագելատների քանակի կտրուկ ավելացումից: Այս ջրիմուռները պարունակում են կարմիր և շագանակագույն գունանյութեր, որոնք գունավորում են ջուրը:

Վնասակար ջրիմուռների ծաղկման հետևանքով ջրի մեջ կտրուկ բարձրանում է բնական թույների խտությունը, ինչպիսին է օրինակ մահացու նեյրոտոքսին բրևետոքսինը։ Առաջանում է նաև թթվածնի պակաս: Արդյունքում, ձկները և ծովային այլ կենդանիներ ստիպված են լինում «փախչելով փրկվել»:

Փորձագետները զգուշացնում են` եթե Ֆլորիդայի ափերի մոտ «կարմիր» մակընթացությունը ձգձգվի, ջրանցքներում գտնվող շնաձկների կերը կսպառվի, և նրանցից շատերը կարող են մահանալ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն