Հայաստանի բազմաթիվ լաբորատորիաներում հնարավոր է մատչելի գներով ստուգել կորոնավիրուսի հանդեպ առկա իմունիտետը. ինչու՞ է ԱՆ-ն լռում

Հաշվի առնելով հանրության շրջանում առկա անհանգստությունը և թագավարակի (կորոնավիրուս) դեմ պատվաստանյութերի քողարկված պարտադրանքը` «Փաստարկ» լրատվականն ուսումնասիրել է Հայաստանում գործող մի շարք լաբորատորիաներում IgG հակամարմինների կատարման մասին տեղեկատվությունը։ Այս հակամարմինների առկայությունը խոսում է մարդու մոտ ձևավորված իմունիտետի մասին։

Պարզվում է, որ ՀՀ-ում տեղակայված բազմաթիվ լաբորատորիաներում համեմատաբար մատչելի գներով կատարվում է IgG-ի հետազոտություն, ինչը թույլ է տալիս հասկանալ մարդու մոտ թագավարակի դեմ առկա իմունային վիճակը (ստատուսը)։

Օրիանկ Prom-test լաբորատորիայում կատարվում են ինչպես PCR թեսթավորում, այնպես էլ որոշվում են IgM-ը (վարակի սուր փուլ) և IgG-ն (ձևավորված իմունիտետ)։ Ընդ որում, լաբորատորիայի կայքում հստակ նշվում է, որ որոշում են շիճուկում և արյան պլազմայում  հակամարմինների մակարդակը ՝ իմունային կարգավիճակը գնահատելու համար ինչպես պատվաստումից հետո, այնպես էլ նախորդ կորոնավիրուսային վարակից (COVID-19) հետո:

Վարդանանց կենտրոնում թագավարակի առկայության և փուլի լիակատար հետազոտությունը կատարվում է մեկ փաթեթով։ Այստեղ նույնպես որոշվում է IgG-ն։

Իսկ ահա «Նորք Մարաշ» ԲԿ-ում այս հետազոտությունը երկու անգամ մատչելի է և 15.000 դրամով կարելի է ձեռք բերել տեղեկատվություն թագավարակի հանդեպ մարդու իմուն համակարգի վերաբերյալ։ Ընդ որում, լաբորատորիան տալիս է հետազոտության հավաստիության 100% երաշխիք։

«Նաիրի» ԲԿ-ի լաբորատորիան նույնպես փաստում է, որ թագավարակի PCR թեսթերից բացի գոյություն ունի հակամարմինների ստուգման արագ, հեշտ, հասանելի և 100% հավաստի տարբերակ։ Այստեղ հակամարմինների (իմունիտետի) առկայությունը որոշվում է Cobas e 411 (Roche Diagnostics) վերլուծիչի (անալիզատոր) օգնությամբ։

«Արմենիա» ՀԲԿ-ն դեռևս 2020 թվականի հունիսից ընդամենը 15.000 դրամով նույնպես որոշում է  IgM և IgG հակամարմինների մակարդակները Covid 19 վիրուսով վարակումից հետո։ Նշում են, որ դրանց մակարդակը խիստ փոփոխական է: Այդ պատճառով նպատակահարմար է երկու հակամարմինների զուգահեռ որոշումը:

Թագավարակի դեմ հակամարմինները Հայաստանում ստուգվում են բազմաթիվ լաբորատորիաներում (մենք ներկայացրեցինք միայն 5-ը)։ Փաստացի, գրեթե  100% ճշգրտությամբ և ընդամենը 15.000 դրամով կարելի է հասկանալ, թե ինչ վիճակում է մարդու իմուն համակարգը վարակվելուց կամ պատվաստվելուց հետո և ինչպես է պատրաստ պայքարել այս ինֆեկցիայի դեմ։

Շեշտենք, որ վարակվելուց հետո մարդ ձեռք է բերում բնական իմունիտետ, ինչը, փաստորեն, պատվաստման նպատակն է։

Մինչդեռ ՀՀ Առողջապահության նախարարությունը շեշտը դնում է միայն պատվաստման վրա։

Եթե մարդու մոտ ԱՐԴԵՆ ԱՌԿԱ Է ԻՄՈՒՆԻՏԵՏ, ո՞րն է պատվաստելու և «իմունիտետ ստեղծելու» նպատակը։ Եվ ինչու՞ պատվաստումից առաջ չեն ստուգում, արդյո՞ք քաղաքացին արդեն ունի ձևավորված իմունիտետ։ Չէ՞ որ պատվաստանյութերի քանակը սահմանափակ է և դրանք անհրաժեշտ է կիրառել միայն այն մարդկանց մոտ, ովքեր չունեն ձևավորված իմունիտետ և, փաստորեն, ավելի խոցելի են։

Ակնառու է նաև, որ այս թեսթավորումը մի քանի անգամ ֆինանսապես ավելի շահեկան է քաղաքացիների համար, քան 14-օրյա PCR թեսթավորումը, քանզի այն պետք է կատարվի 3-6 ամիս պարբերականությամբ, այլ ոչ թե ամիսը երկու անգամ։

Իսկ գուցե ՀՀ ԱՆ-ն սպասում է, որ ձևավորվի այս հարցի հանրային պահա՞նջ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն