Հազվագյուտ երաժշտական գործիքների դասարանները կկրճատվե՞ն. բյուջեում մշակույթի համար փող չկա. SputnikArmenia

ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել երաժշտական դպրոցներին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը` առանց որևէ կարգադրություն իջեցնելու։ Քաղաքապետարանն էլ որոշել է քաղաքային բյուջեի հաշվին այս տարի ինչ-որ կերպ խնդիրը լուծել, բայց թե ինչ կլինի հաջորդ տարի, անհայտ է։

Հայաստանում գործող ավելի քան 150 երաժշտական դպրոցներ կանգնած են լուրջ խնդրի առաջ, որը չլուծելու հետևանքները կերևան ոչ ուշ, քան 10-15 տարի հետո, երբ, օրինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ, կամերային նվագախմբերն ուղղակի չեն կարողանա համալրվել նոր կադրերով, քանի որ մի շարք երաժշտական գործիքներ նվագողներ չենք ունենա։

Այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են, օրինակ, ֆագոտը, տրոմբոն, գալարափողը, դեռ տարիներ առաջ համարվում էին «մեռնող գործիքներ», բայց 2005-06 թվականներին կառավարությունը որոշեց նախագիծ իրականացնել, որի արդյունքում երաժշտական դպրոցներում ժողովրդական, փողային և որոշ լարային գործիքներ սկսեցին դասավանդվել անվճար` պետպատվերի շրջանակում:

Օրեր առաջ մի շարք ծնողներ ահազանգեցին` երաժշտական դպրոցներից իրենց տեղեկացնում են, որ հավանաբար սեպտեմբերից իրենց երեխաներն այլևս չեն սովորելու անվճար դասարաններում, չնայած` դպրոցների հետ պայմանագիր ունեն կնքած։

Խնդիրը հասկանալու համար SputnikArmenian կապ է  հաստատել մի շարք երաժշտական դպրոցների տնօրենների հետ։ Շատերը խուսափել են այս մասին բարձրաձայնել։

Խնդրի մասին մանրամասն պատմել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը։

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա մարտ ամսից որոշել է կիսով չափ կրճատել երաշտական դպրոցներին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը` առանց որևէ կարգադրություն, հրաման իջեցնելու։

«Ես հասկանում եմ, որ պատերազմից հետո միգուցե գումար չկա, ստիպված են ամեն տեղից խնայել, բայց դրան էլ ձև կա։ Նախ պետք էր խոսել խնդրին տեղյակ մասնագետների և պատասխանատուների հետ, կատարել մշտադիտարկում, հասկանալ, թե որ դպրոցում ինչ վիճակ է, պարզել, թե որ գործիքներն են ավելի պահանջված, հետո միայն կայացնել խելացի որոշում: Սակայն ուղղակի մեխանիկորեն կրճատել են գումարը՝ դնելով համայնքներին և դպրոցներին անորոշ վիճակում։ Հրամանը չեն տալիս, բայց գումարը կրճատում են»,–ասում է Հեքեքյանը։

Ամեն տարվա սկզբում Երևանի երաժշտական դպրոցները քաղաքապետարանի հետ ֆինանսավորման պայմանագիր են կնքում, այս ուսումնական տարվա համար էլ պայմանագիրն արդեն կնքված է։ Դպրոցի տնօրեններին կարգադրել են ստորագրել, որ իրենք համաձայն են ստանալ ֆինանսավորման կեսը։

«Երևանի բոլոր երաժշտական դպրոցների տնօրենները ստորագրել են այդ համաձայնագիրը, ես՝ ոչ, որովհետև տնօրենը հայտնվում է ծուղակում. աշակերտների թիվը կրճատելու հրաման չկա, կրճատել չեմ կարող, չկրճատեմ՝ գումարը չի բավականացնի։ Քանի որ կրճատված ֆինանսավորման համաձայնագիրը չեմ ստորագրել, դպրոցին անգամ առաջին կիսամյակի 3 ամսվա գումարը չեն փոխանցել։ Մենք էլ չենք փոխանցել հարկերը և հայտվել ենք վտանգավոր իրավիճակում: Իսկ կստորագրեմ համաձայնագիրը որոշակիություն մտնելուց և հստակ կարգադրություն ստանալուց հետո միայն»,- ասում է Հեքեքյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում.
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն