Հեքիաթ Բախտիկի ու նրա բախտի մասին

Լինում է չի լինում, մի բարետես երիտասարդ է լինում, անունը Բախտիկ։ Ասում են, թե նա կապ է ունենում հոգևոր աշխարհի հետ (ախ այդ օդում պտտվող հեքիաթային ծիտիկները … )։

Մի օր էս Բախտիկին թագավորը կանչում է իր մոտ ու ասում.

— Խնդրում ենք քո փորձն ու հմտությունները ներդնես իմ թագավորության անվտանգությունն ապահովելու գործում։

Էս Բախտիկը համաձայնվում է ու սկսում է ղեկավարել էս թագավորության անվտանգության համակարգը։

Գալիս է մի օր, երբ կողքի թագավորության հոգեկան հիվանդ թագավորը իր զորքով հարձակվում է էս թագավորության վրա (սրա թագավորի հոգեկան վիճակն այդպես էլ չի ստուգվում)։ Ժողովուրդը բահերն ու քլունգները վերցնում, վազում է պատերազմի։

Էս թագավորն էլ կնգան նստեցնում մի հրեղեն նժույգի վրա ու ուղարկում կինո նկարելու։

Վերադառնանք մեր Բախտիկին։ Կոնկրետ չգիտենք, թե Բախտիկս ինչ է անում էս պատերազմի ժամանակ, բայց պատմում են, որ  գնացած է լինում մի չքնաղ, լուսավոր քաղաք` հարամ անելու։

Պիտի ասենք, որ Բախտիկը հարամ անելու գործը լավ գլուխ է բերում։ Ու երևի դրա համար էս թագավորը Բախտիկին պարգևատրում է «Քաջության համար» շքանշանով, գլխին էլ փետուրներով թագ է դնում։

Էս ժողովուրդը մնում է շվարած, գլխիկոր։ Համ իրա էրեխեքին տարան մորթեցին, համ մեծ թվով ջահելների դարձրեցին հաշմանդամ, համ թագավորության մեկ քառորդ մասը նվիրեցին հարևան գիժ թագավորին, համ էլ «Քաջության համար» մեդա՞լ, դեռ թագի փետուրներից մեն էլ` հրեղեն։

Վերջը գլխի են ընկնում, որ ըտեղ մի բան էն չի։ Վերցնում են թագավորի կնգա նժույգը, ու ով որ թագավորությունը ծախել է, կապում են սրա բաշից և քշում քարքարոտ սարեր։

Ասում են` հետո ոչ մարդու ոսկոր են գտել էտ սարերում, ոչ կաշի։ Բայց մի մեդալ են գտել սառնորակ աղբրի ակունքում` վրան երկու առյուծ ու մի բանտիկ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն