ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչը հորդորեց գերիների գործի վերաբերյալ հանրային քննարկումներ չանել

Օրերս Բաքվի դատարանում ընթերցվեց մեղադրական եզրակացություն հայ 14 ռազմագերու վերաբերյալ։ Նրանց սպառնում է 14-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Ինչպե՞ս է հնարավոր օգնել հայ ռազմագերիներին։ ՀՀ 40 փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել մեկնել Բաքու, հանդիպել ռամագերիների հետ և դատավարական իրավունքների խախտման պարագայում` դիմել եվրոպական դատարան։ ՀՀ-ից գործուղղված փաստաբանը չի կարող Ադրբեջանի դատարանում հանդես գալ որպես շահերի պաշտպան։

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով Ադրբեջանում դատավճիռները հավանաբար վաղուց արդեն համաձայնեցված են․ «Ադրբեջանի դատարանները կան, կային և լինելու են ոչ արդյունավետ միջոց, եթե խոսքը վերաբերում է հայերի նկատմամբ դատավարություններին»։ Ալումյանի կարծիքով ռազմագերիների հարցով ՀՀ-ից փաստաբանների խումբ պետք է մեկնի Ադրբեջան, այնտեղ ծանոթանա ստեղծված իրավիճակին և փորձի պարզել՝ արդյո՞ք մեր ռազմագերիների նկատմամբ տեղի չեն ունենում կամ չեն ունեցել Եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Իսկ եթե խախտումներ կհայտնաբերվեն, ապա դիմեն Եվրոպական դատարան։

«Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից յուրաքանչյուրում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի ԵԽ-ի ցանկացած մեկ այլ երկրում հանդիպելու այն անձանց հետ, ովքեր որ եվրոպական դատարան դիմելու կարիք ունեն։ Եթե ես գործունեություն եմ իրականացնում ՀՀ-ում, ես կարող եմ բողոք ներակայացնել Ադրբեջանի դեմ, եթե իհարկե իմ վստահորդն այդպիսի ցանկություն ունի։ Եթե ռազմագերիների հարազատներն այստեղ այդպիսի անհրաժեշտություն տեսնեն, ապա ես իրավունք կունենամ գնալ այնտեղ, հանդիպել ռազմագերիներին, պարզել եվրոպական դատարան դիմելու հիմքեր կան թե ոչ, իսկ լինելու դեպքում` նրանց շահերը ներկայացնել եվրոպական դատարանում»,- նշել է փաստաբան Հայկ Ալումյանը։

ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչն էլ նախաձեռնության մասին տեղեկանալուց հետո հորդորեց գերիների գործի վերաբերյալ հանրային քննարկումներ չանել։ Մասնագետների խմբի ներկայությունն էլ Բաքվում կլեգիտիմացնի շինծու քրեական գործերը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն