Հուդային թվում էր, թե Հիսուսը, հետևորդների հետ խոսելիս, իր մտքերն էր կրկնում, և նա որոշեց ազատվել Հիսուսից

Հուդան Հիսուսի լավագույն աշակերտն էր, ավելի նվիրված, քան նույնիսկ Մագդաղենացին էր: Բոլոր աշակերտներից Հուդան ամենաուշադիրն էր Ուսուցչի հանդեպ։ Նա լսում էր Հիսուսի խոսքերն առանց բառ բաց թողնելու, կրկնում էր մտքում, գրի առնում դրանք։

Ժամանակի ընթացքում Ուսուցչի մտքերն այնքան հարազատ դարձան Հուդայի համար, որ նրան սկսեց թվալ, թե դրանք իր սեփական մտքերն են:

Կարճ ժամանակ հետո նրան սկսեց բարկացնել այն հանգամանքը, որ Հիսուսն «իր» մտքերն էր կրկնում հետևորդների հետ խոսելիս: Նրան գնալով ավելի էր զայրացնում այդ փաստը: Նա սկսեց թաքցնել իր զայրույթը, բայց որոշեց ազատվել Հիսուսից՝ իր սեփական ուսմունքը հիմնելու և տարածելու համար:
Հուդայի համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ Հիսուսը հերթական անգամ աշակերտների ներկայությամբ բարձրաձայնեց այն, ինչ հենց «իր» մտքում էր ծագել: Հիսուսն ասաց, որ Հուդան կմատնի իրեն:
Հուդան այդպես էլ արեց և, քանի որ Հուդային լուսինն էր հովանավորում և ոչ թե արևը, մատնությունը տեղի ունեցավ 30 արծաթի և ոչ ոսկու դիմաց: Այսպես էլ՝ երբեմն Լուսնին թվում է, թե իր լույսն իրենից է և այդ լույսով կուրացած, չի էլ նկատում Արևին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն