Հյուսիսային Մակեդոնիան Ուկրաինային է փոխանցել Ռուսաստանից ստացված տանկերը

Հյուսիսային Մակեդոնիան Ուկրաինային է փոխանցել նախկինում Ռուսաստանից ստացած T-72 տանկերը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով սերբական RTS հեռուստաալիքին։

Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է սոցցանցերում նախկինում հայտնված տեխնիկայի տեղաշարժի կադրերի իսկությունը և նշել, որ տեսագրվել է T-72 տանկերի շարասյունը, որը շարժվում էր Ուկրաինայի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե քանի զրահամեքենա է տեղափոխվել Կիև, սակայն հավելել է, որ խոսքը «երրորդ սերնդի» տանկերի մասին է։

Հայտնի է, որ Հյուսիսային Մակեդոնիայում ծառայության մեջ է գտնվում 31 T-72 տանկ։ Այս տեսակի բոլոր զրահամեքենաները Ռուսաստանից տեղափոխվել են Բալկանյան թերակղզու երկիր։ Սկոպյեն տանկեր է ստացել 2000 թվականին՝ Մոսկվայից աջակցության շրջանակում` Ազգային ազատագրական բանակի ալբանացի անջատողականների հետ մակեդոնական բանակի առճակատման ֆոնին։

«Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային տանկեր նվիրելու որոշումը բացատրել է նրանով, որ մի քանի տարի անց այդ մեքենաները կդառնան անմրցունակ, ինչպես նաև նրանով, որ շուտով դրանք կփոխարինվեն ավելի ժամանակակիցներով», նախարարության հայտարարությունը մեջբերում է ալիքը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ Ուկրաինա են ժամանել լեհական PT-91 տանկեր։ Զրահամեքենաները խորհրդային T-72M1 հիմնական տանկի արդիականացված տարբերակն են։ Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստ է երկրին փոխանցել ավելի քան երկու հարյուր մարտական ​​տանկ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն