«Ի՞նչ կապ ունի թե Արարատի ու Նախիջևանի, կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երկու օր է, ինչ հանդիպումներ է ունենում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ: Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ համացանցում քննարկումների առիթ են դարձել և քննադատության արժանացել:

Նախ վարչապետի ժ/պ-ն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ առաջարկելով զորքերը հետ քաշել, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները դիտորդական առաքելություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանային հատվածում: Նրա այս հայտարարությունը վերջնականապես ստիպեց, որ հրաժարականի դիմում ներկայացնի ԱԳՆ նախարար Արա Այվազյանը, ում հրաժարականի լուրերը սկսեցին շրջանառվել Միքայել Մինասյանի հրապարակած հայտնի փաստաթղթից հետո:

Նկատենք, որ 18 օր է ինչ թշնամին գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում և ՀՀ իշխանությունները որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում` ՀՀ սուվերեն տարածքից նրան դուրս շպրտելու համար։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարում է. «Ի՞նչ կապ ունի թե Արարատի ու Նախիջևանի, կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով ա անցնում»: Նրա թիմակիցներից որևէ մեկը չի հանդգնում հուշել, որ Արարատ-Նախիջևան սահման գոյություն չունի։ Համացանցում կրկին հիշեցրին, որ Փաշինյանը աշխարհագրության ուշուցչուհու կարիք կա:

Դրան հաջորդեցին սկանդալային մյուս հայտարարությունները՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք, զինվո՛ր»: «Հիմա ի՞նչ, Սև ջրի (նկատի ունի Սև լիճը) 30%-ի համար պատերազմ ենք սկսելու՞: Չի լինում տենց»:

Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի ունի, որ պետք է զիջենք այնքան տարածք, որքան թշնամին է պահանջում կամ համակերպվենք թշնամու ներակայությանը մեր տարածքում:

Հաջորդ արտահայտությունը 5-6 րոպե հետո էր՝ «Սյունիքում սերունդ է մեծացել, որը չի տեսել, որ այդտեղ Ադրբեջան է եղել»:

«Բա էդ 88 թվականին Արցախից հեռացած ադրբեջանցի բնակաչությունը բնակչությո՞ւն էր, թե՞ չէ»: Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանն առավել անհանգստացած է «տեղահանված» ադրբեջանցիների հարցերով, քան մեր սպանված զիվորների ընտանիքների ճակատագրով։

«Պատրաստ ենք սկսել Սոթք-Խոզնավար հատվածից զորքերի հետ քաշումը»:

Իսկ ամենից հետո նա այսօր հայտարարեց՝ «Հույս ունենք, որ ՔՊ-ն կստանա ընտրողների քվեների 60 % -ը »: Այս իրավիճակում, երբ թշնամին օր օրի ամրապնդվում է ՀՀ տարածքում արդյո՞ք կարևորը ընտրություննե՞րն են:

Գուցե որեւէ փորձագետ կամ դիվանագետ, Փաշինյանին ներկայացնի, թե ինչ է նշանակում «բանակցային դիրք»: Երբ քո հակառակրոդն ասում է՝ «Զանգեզուրը մերն է, Սեւանը մերն է, Երեւանը մերն է», իսկ դու ասում ես՝ «Շուշին դժգույն ու դժբախտ է, Շուրնուխը մերը չէ, Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ անելու անհրաժեշտություն չկա, էն ձյունոտ սարն էլ թեև մերն է, բայց մեզ պետք չէ»: Եվ այս ամենը զուտ թշնամուն դուր գալուհամար է արվում` թուլացնելով Հայաստանի դիրքերը միջազգային հարթակներում, բանակցային սեղանի շուրջ, մարտի դաշտում, հոգեբանորեն ճնշելով սեփական ժողովրդին և «ներարկելով» պարտվողի հոգեբանություն։

Փաշինյանի այս խոսքերից 24 ժամը չբոլորած Իլհամ Ալիևը կրկին ծաղրեց հայ ժողովրդին՝ հայտարարելով. «Նայեք հայ ժողովուրդը որքան խղճուկ է, ամբողջ աշխարհը ծիծաղում է նրանց վրա: …Հայերը չկարողացան պետություն կառուցել 30 տարվա ընթացքում։ Այդ ժողովուրդն ընդունակ չէ դրան։ Նրանք կարող են գոյատևել միայն ավելի խոշոր երկրների կազմում»:

Գուցե գտնվի մի մարդ` կին թե տղամարդ, ով այս մասին Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի՝ ցույց տալով իրադարձություների կապը: Կամ գուցե արդեն ամեն ինչ այդ մարդու հոգում կորսված է անվերադարձ և նրան այլևս որևէ իրականություն բացատրելն անիմաստ է արդեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն