Ինչու՞ են Սասուն Խաչատրյանի դստեր հարսանիքի նվերները բաժին հասել ՀՔԾ պետին. PASTARK.AM

Նվերներ ստանալը քրեական հանցագործությո՞ւն է:

Միչև իշխանափոխությունն այդպես չէր, բայց հասրակությունը պաշտոնյանների ստացած խոշոր նվերներում կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Իրավապահներն էլ երբեմն — երբեմն անդրադառնում էին դրանց։ Բայց արդարության համար նշենք, որ եթե մի տեսակի հանցագործության իրավապահներն անդրադառնում էին, ապա գնահատական էին տալիս նմանտիպ այլ արարքների ևս:

«Պողպատե մանդատով» Հայաստանում այս առումով էլ փոփոխություններ կան: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նախկին ընկերներից նվերներ ստանալու համար։ Մեղադրանքի բովանդակությունը ֆեսբուքյան էջում մանրամասնել էր Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:

Առաջին ատայնի ընդհանուր իրավասության դատարանի իշխանության «սիրելի» դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և պաշտպանի գնահատմամբ` «նվերներ» ստանալու համար Աղվան Հովսեփյանը կալանավորվել է:

Մեկ այլ վայրում իշխանությունը ստեղծում է հակակոռուպցիոն կոմիտե, որի նախագահ է ցանկանում դառնալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Այս պաշտոնի համար կա երեք թեկնածու, բայց իհարկե, արդեն պարզ է, որ պաշտոնը Սասուն Խաչատրյանինն է, իսկ մրցույթը կազմակերպված է ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար: Ինչևէ, կոմիտեի նախագահի թեկնածուները պետք է հայտարարագիր ներկայացնեին: Հարցերից պարզ դարձավ, որ Խաչատրյանի հայտարարագրած գումարները ևս նվերներ են:

ՀՔԾ պետը երեկ հայտարարեց, թե իր աղջկա ամուսնության կապակցությամբ ԻՆՔԸ երկու կողմի բարեկամներից նվերներ է ստացել գումարի տեսքով՝ ընդհանուր առմամբ 4,3 միլիոն դրամ։ Ընդ որում՝ նվիրատուների մեջ էր նաև Տիգրան Գևորգյանը, ում Խաչատրյանի կինը 2018 թվականին նվիրել էր «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը:

Բացի այդ՝ Խաչատրյանը հայտարարեց, թե չունի սեփական ավտոմեքենա, վարում է կնոջ եղբորը պատկանող ավտոմեքենան. «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է»։ Ինչ վերաբերում է Խաչատրյանին պատկանող բնակարաններին, ապա վերջինս նշել էր, թե դրանցից մեկը ձեռք է բերվել վարկով, մյուս բնակարանը՝ պետական ծրագրի շրջանակներում, ընդ որում`  շուկայականից ցածր գնով։ Ստացվում է, որ տուն, բաժնեմաս, ավտոմեքենա նվեր ստանալն օրինաչափ է, եթե իշխանության ներկայցուցիչ ես և «պողպատե մանդատը» դեռ այն իշխանության ձեռքին է, որի մասն ես կազմում։ Իսկ «նախկինների» ստացած նվերները պետք է կոպեկ առ կոպեկ վերադարձվի ժողովրդին:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն