Ինչու էր բարկացել Նիկոլ Փաշինյանը և ինչու է Անահիտ Ավանեսյանն անցնում ժամանցի վայրերին

Օրերս, հանրային լայն լսարանի առաջ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «թուք ու մուր» թափեց առողջապահության նախարարության աշխատանքի վրա։

Պատճառը` պատվաստումային գործընթացի շուրջ առաջացած հանրային ընդվզման արդյունքում նախարարության գրանցած «անբավարար» ցուցանիշներն էին։ Գործը գլուխ բերելու համար նախարար Ավանեսյանը որոշել էր բողոքել իր «մեծին», իսկ նա, օգնության ձեռք մեկնելու փոխարեն, հավեսով գորգոռաց ու հրամաններ արձակեց։

Ասում են` դրանից հետո նախարարն իր «մանթռաժն» ու «բարկությունը» թափել է բուժհիմնարկների ղեկավարների վրա, պահանջել ազատել պատվաստումների պարտադրանքի դեմ պայքարող բժիշկներին։

Այս հրապարակումից 14 ժամ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «հոկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 514.241 պատվաստում»։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ «հոկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 511.468 պատվաստում»։

Ստացվում է, որ 8 օրվա ընթացքում, տանելով ուժգին պատվաստումային քարոզ և դրա վրա ծախսելով հսկայական ռեսուրս (մարդկային, ֆինանսական, ժամանակային), առողջապահության նախարարությանը հաջողվել է իրականացնել միայն 2.773 պատվաստում։ Եվ այս ցուցանիշն այն դեպքում, երբ Հայաստան է ներկրվել 50.000 դեղաչափ Մոդեռնա պատվաստանյութ։ Հիշեցնենք, որ այս պատվաստանյութի առավելագույն ժամկետը մինչև 2022 թվականի փետրվար ամիսն է։

Ահա և Նիկոլ Փաշինյանի զայրույթի պատճառը։

Իսկ Անահիտ Ավանեսյանը սկսել է խոսել նոր սահմանափակումների ու խստացումների մասին։ Այսօր հայտարարություն տարածվեց, թե մշակվում է նախագիծ` ժամանցի վայրերում պատվաստման կամ ՊՇՌ թեսթավորման սերտիֆիկատ պահանջելու մասին։ Ա՛յն ՊՇՌ թեսթավորման, որի ձեռքբերման արժեքը կազմել է 1050 — 3000 ՀՀ դրամ, սակայն ՀՀ քաղաքացիների վրա վաճառվել է 15.000 — 30.000 ՀՀ դրամով։

Պատրաստում եք նոր սահմանափակումների փաթե՞թ, տիկի՛ն Ավանեսյան, թե՞ պարզապես թարգմանում եք այն։

«Փաստարկ» լրատվականը շարունակելու է ստիպողական պատվաստումների հարցի շուրջ իր հետաքննությունը, տեղեկացնելու է սպասվելիք սահմանափակումների, քաղաքացիների իրավունքների խախտումների, հակահամաճարակային միջոցառումների մասին։

Մենք պատրաստ ենք քաղաքացիներից ընդունել ՓԱՍՏԵՐ` ստիպողական պատվաստումների ու ապօրինի կլինիկական փորձարկումների մասին։ Դրանք կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն