Կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ. պատմաբան

«Փաստարկ» լրատվականը զրուցել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հետ։ Թեման` նոր ձևավորված խորհրդարանն է։
— Պատմական ո՞ր իրադրության հետ կարելի է համեմատել երկրի այս իրավիճակը։ Զուգահեռներ կա՞ն 1-ին և 2-րդ հանրապետությունների անկման միջև։
— Առաջին հանրապետության անկումը տեղի ունենցավ բարդ իրադրությունում` պատերազմից հետո։ Հատկանշական էր այն, որ դաշնակցականներն անցնցում իշխանությունը հանձնեցին բոլշևիկներին։ Եթե չլիներ 1-ին հանրապետությունը, չէր լինի նաև երկրորդը՝ Խորհրդային Հանրապետությունը և ներկայիս պետությունը։ Երկրորդ հանրապետությունն անկում ապրեց մի իրավիճակում երբ սկսել էին անկախական շարուժումները, արցախյան ազատագրական շարժումը։ Անկախացման գործընթացը, սակայն իր վերջնակետին հասավ 1,5 -2 տարի անց։ Ընդ որում այս իրավիճակում կարևոր հանգամանք է այն, որ Արցախն ավելի վաղ անկախացավ քան Հայաստանը։ Ադրբեջանն էլ անկախացել էր ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին, և Արցախը նրա կազմի մեջ չէր մտնում։ Ինչպես առաջին հանրապետության ժամանակ, այնպես էլ հիմա Ռուսաստանը չեզոք դիրք գրավեց, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա բացահայտ չօգնեց իր ռազմավարական դաշնակցին։ Իհարկե ՀՀ կառավարությունը չդիմեց ՌԴ-ին, նույնիսկ այն ժամանակ, երբ հարձակում եղավ Վարդենիսի ուղղությամբ։ 1-ին և 3-րդ հանրապետությունների ժամանակ պատերազմը սկսվեց սեպտեմբեր ամսին։ Այն ժամանակ էլ եվրոպական երկրներն ավելին էին խոստանում, ինչպես հիմա, իսկ արդյունքը նույն էր։ Այն ժամանակ էլ առանց լուրջ դիմադրության հանձնվեց Կարսը, ինչպես հիմա Շուշին։ Ես կարծում եմ՝ այս իշխանության անցնցում չհեռանալը ճիշտ չէր գոնե քաղաքական առումով։ Նոր իշխանության գալը, բանակցային սեղանին նոր պահնաջ դնելը խնդիրն այլ ուղղությամբ կտաներ։
— Խորհրդարանում են այն ուժերը, որոնք այնքան էլ բարեկամական հարաբերություններ չունեն միմյանց հետ։ Ձեր փորձն ու գիտելիքներն ի՞նչ են հուշում, ի՞նչ է լինում, ի՞նչ ավարտ է ունենում, երբ ժողովուրդը չի վստահում իր կառավարիչներին։
— Եթե քվեների առումով ընդդիմադիր ուժերի պայքարի արդյունքում իշխող ուժը չկարողանա միանձնյա որոշումներ կայացնել, ապա կարծում եմ, սա անշուշտ կօգնի։ Կարծում եմ նաև, որ ընդդիմությունը պետք է մանդատները վերցներ և առողջ քննադատությամբ փորձի օգտակար լինել հասարակությանը և իշխանությանը։
— Պետականությունը կորցնելու վտանգի առջև կանգա՞ծ ենք։
— Անշուշտ, այո՛։ Թուրքական կողմն իր ագրեսիվ նկրտումները չի թաքցնում։ Էրդողանը Շուշիում հայտարարեց, որ միևնույն է այդ միջանցքը կյանքի են կոչելու, առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու, գուցե նաև գերտերությունների համաձայնությամբ։ Եթե նույնիսկ մենք խնդիրը լուծում ենք Սիսիանի վրայով կապի ապահովամբ, Սև լճի հարակից տարածքով, ապա մենք պատանդի կարգավիճակում ենք գտնվելու՝ փաստացի մեր երկրով անցնելու համար թույլտվություն պետք է ստանանք Ադրբեջանից։ Կամ Զանգեզուրը․․․ իմ հավատը չի գալիս, որ Ադրբեջանը թույլ կտա, որ այդ երթուղին ազատ աշխատի։ Այլ կերպ ասած սա պետականության, ինքնուրույնության կորստի մասին լավագույն վկայությունն է։ Բացի դրանից նաև այն տարածքների զիջումը՝ Շուռնուխի հարավային հատվածը, սահմանամերձ շրջաններից այն 7 գյուղերը, որոնք, ի դեպ, 1927 թվականի խորհրդային քարտեզով հաստատված է, որ  ՀՀ տարածքի մեջ են։ Իրապես վտանգավոր է և մենք ռեալ պետականության կորստի առաջ ենք կանգնած։
— Ի՞նչ սխալներ թույլ տվեց ժողովուրդը, որի արդյունքում կրկին կանգնած է պետականության կորստի առաջ։
— Ժողովրդի սխալը նաև քվեների մեջ է, ոչ ռեալ մտածելակերպի և այդ վտանգը չզգալու արդյունք է։ Այսքան խոսելուց, այսքան քննարկելուց հետո ես զարմանում եմ նման արդյունքի վրա։ Հավանաբար, այդ ժողովրդի համար միևնույն է՝ ում լծի տակ պետք է ապրի։ Զարմանալի է` անկախությունը կորցնելու վտանգ կա, սրանից առավել էլ ի՞նչ պետք է լինի, որ ժողովուրդը սթափվի։
— Ի՞նչ պետք է անի իշխանությունը, չէ՞ որ նա ևս պետք է գիտակցի, որ պետականությունը կորցնելու վտագի առաջ ենք կանգնած։
— Այս պայմաններում իշխանությունը պետք է ավելի սթափ դատի, ճիշտ մտածի և համախմբի ժողովրդին։ Հակասությունները չխորացնի, առավել հանդուրժողական լինի, նախկին սխալներից հրաժարվի։
— Իշխանությունը երեք տարի հնարավորություն ուներ Ձեր ասած համերաշխության մթնոլորտը ձևավորելու, սակայն հասարակության տարանջատում տեղի ունեցավ՝ սևեր և սպիտակնր, նախկիններ և ներկաներ։ Հիմա էլ պողպատյա մանդատ է ստացել։ Պողպատը համերաշխությա՞ն խորհրդանիշ է։
— Համերաշխության մթոլորտ չձևվորվեց և ավելի խորացավ։ Այս հակասությունների արդյունքում մենք հայտնվեցինք շատ վատ իրադրության մեջ։ Կարծում եմ` այդ պողպատյա մանդատ ասվածը ճիշտ չէ։ Չարությամբ լցված անհանդուրժողականության մթոնոլորտ ստեղծելը սխալ է։ Պողպատյա մուրճի գործածությունը պետականության պահպանմանն ուղղված չէ, սա ոչ ճիշտ կիրառելի քաղաքականություն է։
— Պատմությունից ի՞նչ դասեր չենք քաղել։
— Գլխավոր վճռական դասը միասնության խնդիրն է, միասնությամբ հանդես գալն է։ Իշխանությունը լավ բան է, սակայն իշխանության գալուց հետո գործիչները մոռանում են իրենց խոստումների մասին։

Թողնել մեկնաբանություն