Կարօ Փայլանը դատական հայց է ներկայացրել թուրք ազգայնական պատգամավորի դեմ

Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարօ Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիտ Օզդագի դեմ, ով Փայլանի ապրիլյան հայտարարության համար սպառնացել է նրան։

-Անցել է 106 տարի, մենք քայլում ենք փողոցներով, որոնք կրում են ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը։ Մեր երեխաները սովորում են Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցներում։ Պատկերացրեք, որ Գերմանիայում այսօր մայրուղիները կրեին Հիտլերի անունը, և երեխաները հաճախեին հիտլերյան դպրոցներ, ինչպիսի՞ն կլիներ Գերմանիան։

Ի պատասխան Փայլանի այս գրառման՝ Ստամբուլից անկախ պատգամավոր Օզդագը նրան համարել է անկիրթ և սադրող։

-Եթե դու դժգոհ ես՝ գնա գրողի ծոցը։ Թալեաթ փաշան արտաքսել է այն հայերին, ովքեր մեզ թիկունքից հարվածեցին։ Կգա ժամանակ, որ դու նույն փորձությունը կկրես,- գրել է իր թվիթերյան էջում թուրք ազգայնական պատգամավորը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն