Լեգիտիմության հիմնահարցը ժողովրդավարական հասարակություններում. Մարիամ Մարգարյան

Ժողովրդավարական հասարակություններն ուսումնասիրող ֆրանսիացի քաղաքագետ Ռ. Արոնը, հիմնականում ընդունելով Մ. Վեբերի «գերիշխանության տեսությունը», քննադատել է նրա «առաջնորդի հանրաքվեական ժողովրդավարության» գաղափարը, քանի որ «…նա բոլորից վեր է դասում ոչ թե ժողովրդավարությունը կամ մարդու ազատությունը, այլ իր երկրի ազգային վեհությունը, որին հասնելու համար կարևորվում է առաջնորդի խարիզմատիկ գերիշխանությունը` որպես փրկության միջոց, բյուրոկրատիայի անանուն թագավորության դեմ» [5, c.228]: Բազմադեմ ազատության գաղափարախոս Ռ. Արոնն այն կարծիքին էր, որ Մ. Վեբերի տեսության մեջ հստակ տարաբաժանված չեն խարիզմատիկ կառավարման սահմանները և թերագնահատված է ինստիտուցիոնալ կառույցների դերը ժողովրդավարական արժեքների հաստատման գործընթացում: Բացի դրանից, Մ. Վեբերի ուշադրությունից վրիպել է այն հանգամանքը, որ հանրաքվեի ճանապարհով ընտրված լիդերը կարող է դաշինք կնքել բյուրոկրատիայի հետ, ինչը, ըստ Ռ. Արոնի, գործնականում տեղի ունեցավ XX դարի ամբողջատիրական և մենիշխանական վարչակարգերում: Մ. Վեբերի գերիշխանության տեսությունը վերանայելով անգլո-սաքսոնական (Դ. Իստոն, Մ. Լիպսետ) և ֆրանսիական (Ռ. Արոն, Ժ. Շաբոն) դպրոցի ներկայացուցիչները միաձայն հանգեցին այն եզրակացության, որ քաղաքական գերիշխանությունը ժողովրդավարական հասարակություններում կարիք ունի ոչ այնքան խարիզմատիկ լիդերների, որքան զանգվածների աջակցության: Քաղաքական համակարգի նկատմամբ ունեցած աջակցությունը հաստատում է նրա գոյության օբյեկտիվությունը և որ ամենակարևորն է, հավատը համակարգի լեգիտիմության նկատմամբ: Դ. Իստոնը լեգիտիմությունը դիտարկում է արդարության և ճշմարտության (իսկության) հետ համատեղ: Լեգիտիմությունն այն փաստի արտահայտությունն է, համաձայն որի անհատն ակնհայտ կամ ոչ ակնհայտ ընկալում է քաղաքական օբյեկտը` իր բարոյական սկզբունքներին համապատասխան, իսկ արդարության և ճշմարտության նրա սեփական պատկերացումները համընկնում են քաղաքական դաշտում առկա արդարության և ճշմարտության հետ: Այսպիսով, կառավարողների և կառավարվողների միջև որոշակի արժեքային փոխհամաձայնության հիմքի վրա հաստատվում են որոշակի սոցիալհոգեբանական հարաբերություններ: Կատարելով քաղաքական իշխանության համակարգային վերլուծություն` Դ. Իստոնը ստեղծեց լեգիտիմության նոր և առավել գործառական հայեցակարգ, որի օգնությամբ հնարավոր դարձավ այն ուսումնասիրել կուտակված փորձարարական նյութի համակարգման միջոցով: Համաձայն Դ. Իստոնի հայեցակարգի` քաղաքական հմակարգի աջակցությունը կարող է տարբեր լինել` ինչպես ըստ օբյեկտի բովանդակության, այնպես էլ ըստ գործունեության ժամանակի:

Պայմանավորված ժամանակի բովանդակությամբ Դ. Իստոնն առաջարկեց տարբերակել աջակցության երկու տիպ` անորոշ և հատուկ: Առաջինի պայմաններում քաղաքական կարգը, անկախ իր գործունեության արդյունքներից, աֆեկտի վրա հիմնված առավել ընդհանուր աջակցություն է ստանում: Այս պարագայում լեգիտիմությունը հիմնված է հավատի և վստահության վրա: Երկրորդի պայմաններում իշխանությունը լեգիտիմ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա գործողություններն արդյունավետ են, որի արդյունքում նրա նկատմամբ ցուցաբերվում է գործիքային, կարճաժամկետ և գիտակցված աջակցություն: Փաստորեն քաղաքական ընտրանու իրականացրած իշխանության նկատմամբ ունեցած երկարաժամկետ և կարճաժամկետ աջակցությունը համակարգը կարող է զերծ պահել անկայունությունից (նույնիսկ ճգնաժամից, քաոսից), եթե նրա առանձին կառուցվածքային տարրերը (կուսակցություն, քաղաքական լիդեր, ընտրանի), կենտրոնացնելով իրենց ուժերը, կարողանան կերպափոխվել և կանխել լեգիտիմության` արդեն սկսած քայքայումը: Այս նկատառումներով Դ. Իստոնը տարբերակում է լեգիտիմության երեք աղբյուր` գաղափարախոսություն, կառուցվածք և անձնական հատկություններ: Համաձայն աղբյուրների` դիտարկվում են լեգիտիմության երեք մակարդակ` գաղափարական, կառուցվածքային և անձնավորված:

1. Գաղափարախոսականը համակարգում է այն արժեքները և նորմերը, որոնք տարբերակում են քաղաքական վարչակարգերը: Փաստորեն այս լեգիտիմությունը հիմնվում է քաղաքացիների այն համոզմունքների վրա, ըստ որի իրենց դավանած գաղափարները, ընդունած արժեքները և նորմերը ճշմարիտ են և արդար:

2. Կառուցվածքային լեգիտիմությանը բնորոշ է քաղաքացիների ճշգրտված դերային վերաբերմունքը քաղաքական վարչակարգի կառուցվածքին, նորմերին և իշխանական հարաբերություններին: Այս լեգիտիմության համար առանձնահատուկ տեղ ունի քաղաքացիների համոզմունքները, համաձայն որի առկա քաղաքական համակարգը իր կառուցվածքից արդյունավետ կերպով կարողանում է իրենց պահանջներին համապատասխան արժեքներ ստեղծել և իրականացնել: Այս լեգիտիմությունը ենթադրում է քաղաքական համակարգի օպտիմալացված կառուցվածք և մերժում է քաղաքական ժամանակի մեջ չորոշակիացված դեգերումների գործընթացը: Այս մասին ռուս քաղաքագետ Ս. Ելիսեևը գրում է. «Պատահական չէ, որ քաղաքական իշխանության կայունությամբ և արդյունավետությամբ աչքի ընկնող շատ երկրներում օպտիմալ կառուցվածքի փնտրտուքը տևել է ոչ թե տարիներ, այլ` տասնամյակներ, իսկ մի շարք դեպքերում` հարյուրամյակներ: Բավական է այստեղ հիշել Անգլիայի, ԱՄՆի, Ֆրանսիայի օրինակները»:

3. Անձնավորված լեգիտիմության հիմքում ընկած է քաղաքացիների համոզվածությունը, որ տվյալ քաղաքական գործիչը (նաև ընտրանին) «լավ է խաղում իր դերը», որ տվյալ քաղաքական գործչի անձնական ունակությունները համապատասխանում են իր իշխանությամբ պայմանավորված դերակատարներին, իսկ դերակատարները կարողանում են համոզել քաղաքացիներին, որ իրենք անփոխարինելի են: Այս լեգիտիմությունը իր զգայական երանգավորությամբ կարողանում է կանխել քաղաքական գործընթացի անդեմությունը:

Հանգամանալից ուսումնասիրելով լեգիտիմության մասին Մ. Վեբերի և Դ. Իստոնի պատկերացումները` մեզ համար ակնհայտ դարձավ, որ վերջինիս համար իշխանությունը լեգիտիմ է, եթե ոչ միայն իրատես է, ինչպես կարծում է Մ. Վեբերը, այլև համապատասխանում է (արտահայտում է) քաղաքացու անձնական, բարոյական սկզբունքներին: Լեգիտիմության նման ընկալումը կարևորում է քաղաքացիների ակտիվ դերը և պատասխանատվությունը լեգիտիմացման գործընթացում` նրանց վերապահելով իշխանությունների գործունեությունը լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ ճանաչելու համար վերջնական որոշման ընդունումը: Հարցի նման ընկալումը հիմք ընդունելով` Ս. Լիփսեթը կարևորեց կառավարողների իշխանության լեգիտիմության և արդյունավետության փոխհարաբերությունները: Իր «Քաղաքական մարդը» գրքում պնդում է` օրինականությունը ենթադրում է, որ (քաղաքական) համակարգը պետք է կարողանա ստեղծել ու պահպանել այն բանի հանդեպ հավատը, որ

գոյություն ունեցող քաղաքական հաստատություններն ամենից համապատասխանն են տվյալ հասարակությանը: Համաձայն Ս. Լիփսեթի` արևմտյան հասարակությունները ստիպված են եղել գործ ունենալ դժվար և ապակայունացնող երեք խնդրի հետ.

  • եկեղեցու կամ տարբեր կրոնների դերը պետության մեջ,
  • աշխատավոր դասի տնտեսական և քաղաքական լիակատար իրավունքների ճանաչումը,
  • ազգային եկամուտի բաշխման համար շարունակվող պայքարը:

Այդ պատճառով լեգիտիմությունը քաղաքական զարգացման համար անհրաժեշտ որոշակիացված մակարդակ է, որտեղ քաղաքական համակարգի անդամները ընդունում են այն որպես իրենց աջակցությանն արժանի փաստ: Ռ. Արոնը, Դ. Իստոնը և Ս. Լիփսեթը, մեկնաբանելով Մ. Վեբերի «գերիշխանության տեսությունը» ըստ պոստմոդեռնիստական հարահոս փոփոխվող իրականության, փաստորեն համակարգային վերլուծության են ենթարկում լեգիտիմությունը: Մեր կարծիքով, բացի քննարկված ձևերից, քաղաքական զարգացման արդյունավետությունը կարելի է որոշել նաև լեգիտիմացման այլ եղանակներով և տեսակներով: Այդ իմաստով նրանցից առավել ուշագրավն ազգային արժեքային համակարգի քաղաքական էության արդիականացմամբ

պայմանավորված լեգիտիմությունն է, որը հակված է ազգային գաղափարախոսության օգնությամբ արդյունավետ իշխանության իրականացման:

Գաղափարախոսությունը հիմնավորում է իշխանության լեգիտիմության համապատասխանությունը ժողովրդի, ազգի կամ հասարակության արժեքային համակարգին: Որոշիչն այն է, թե գաղափարախոսությունն արժեքաշահային համակարգի որ շերտն է օգտագործում, ու՞մ և ի՞նչ է վերարժևորում կամ արժևորում: Իշխանության լեգիտիմությունը, որպես արժեքաշահային համակարգի հաստատման հնարավորության կառուցակարգ, երկակի վիճակ ունի. առաջին` դեպքում հաստատվում է գաղափարի իշխանություն, երկրորդ` իշխանության (հատկապես գերիշխանության) գաղափարը: Երկու դեպքում էլ լեգիտիմացվող իշխանությունն ենթարկվում է որոշակի կաղապարման: Գաղափարի իշխանությունն որոշակի կարգախոսային բովանդակությամբ ճնշում և բևեռացնում է հասարակության տարբեր ենթաշերտեր` շահարկելով նրանց արժեքաշահային համակարգի հոգեբանական առանձնահատկությունները: Իշխանության գաղափարի կարգախոսային շահարկումը հասարակությանը հնարավորություն չի տալիս քաղաքական իրականությունը ռեալ գնահատել` իր ելքի և մուտքի բազում տարբերակներով: Հաստատված իշխանությունը դառնում է ինքնանպատակ, իսկ իշխանություն իրականացնողները` «ինքնիշխաններ»: Ստեղծվում է օտարված վիճակ իշխանության գաղափարը իրականացնող, կառավարող ընտրանու  և նույն այդ գաղափարի դրոշի ներքո կառավարվող սոցիալական ենթաշերտերի միջև:

Ինքնիշխանությունը, իր իսկ ծնած օտարվածությունը զանգվածների ենթագիտակցությանն ուղղելով, բախումներից խուսափելու համար շահարկում է գաղափարը: Վերջինիս տրվում է տնտեսական, քաղաքական, հոգևոր բովանդակության` ելնելով նրանց ընտրանիների տրամաբանական, գաղափարական առանձնահատկություններից: Այդ իմաստով ուշագրավ են գաղափարի իշխանության շահարկման նրբերանգները, որոնք որոշիչ դեր ունեն գերիշխանության իրականացման համար: Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ այս կառուցակարգը դրսևորման երկու ձև ունի` դասակարգային և ազգային: Սոցիալիզմի համաշխարհային համակարգի երկրներում, հատկապես ԽՍՀՄ-ում, գերիշխանություն էր իրականացվում կառավարման վարչահրամայական մեթոդով, որի կրողը պարտոկրատ ընտրանին էր: Նրա առաջադրած կարգախոսները զուտ դասակարգային բովանդակություն ունեին: Մինչդեռ ժողովրդավարացման ուղին թևակոխած երկրներում կառավարողները բնակչության աջակցությունն ստանալու համար կարևորում են ազգային ինքնիշխանության գաղափարը և այդ հիմքի վրա էլ բովանդակում կարգախոսները: Լեգիտիմության այս տեսակն այսօր հատուկ է ժողովրդավարացման գործընթացում գտնվող բոլոր պետություններին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը:

Այսպիսով, իշխանության լեգիտիմացման գործըն թացն անհրաժեշտ է դիտարկել ընտրանու տիպերի կողմից իշխանության գաղափարի և գաղափարի իշխանություն` հասկացությունների էության քննարկմամբ: Նման մոտեցման օգնությամբ մենք հնարավորություն ենք ստանում դիտարկել իշխանության իրականացման կառուցակարգերը, բացահայտել արժեքաշահային համակարգով պայմանավորված լեգիտիմությունը:

 

Մարիամ Մարգարյանի մյուս հոդվածները կարող եք կարդալ նրա բլոգում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն