ՄԱԿ. Առնվազն 1104 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր

Եվս 1754 մարդ վիրավորվել է.

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 1104 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 1754-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հաղորդագրության մեջ։

Ուկրաինայում զոհվածների և վիրավորների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը 3,772,599 ուկրաինացիներ հատել են Ուկրաինայի հարևան երկրների սահմանները։ Միաժամանակ ուկրաինացի փախստականների կեսից ավելին՝ 2 236 314 մարդ, հատել է Լեհաստանի սահմանը։

Լեհաստանին հաջորդում են Ռումինիան (579.800), Մոլդովան (379.204), Հունգարիան (342.738) և Սլովակիան (267.702):

Հաղորդվում է, որ փետրվարի 18-ից փետրվարի 23-ը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերից Ռուսաստան է անցել 50 հազար մարդ։

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է մոտ 6,5 միլիոնի, ընդհանուր առմամբ մոտ 10 միլիոն ուկրաինացի լքել է իրենց տները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն